Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը կհանդիպեն հունիսի 7-ին Մոսկվայում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը:
Սա երկու արտգործնախարարների առաջին հանդիպումն է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտնել է, որ Լավրովն ու Մնացականյանը քննարկելու են երկկողմ հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Կոժինը ճեպազրույցի ժամանակ նաև «ապակառուցողական» է որակել Հայաստանի վարչապետի հայտարարության վերաբերյալ լրագրողներից մեկի հարցում հնչած ձևակերպումները:
«Իր վերջին հարցազրույցներից մեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անհնար են առանց Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ապօրինի ռեժիմի մասնակցության: Որքանո՞վ են նման հայտարարությունները բարդացնում կարգավորման գործընթացը և խանգարում կողմերին ընդհանուր լեզու գտնել», - այս հարցին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հակադարձել է. - «Ձեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, մասնավորապես, ԵԱՀԿ-ի դրած ռելսերի մեջ, հավանաբար ապակառուցողական են ներկայանում»: