Մատչելիության հղումներ

Չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցում է նաև Արևմտյան Հայաստանի հավաքականը


ՖԻՖԱ-ի անդամ չհանդիսացող չճանաչված երկրներն, ազգային, մշակութային փոքրամասնությունները Ռուսաստանում կայանալիք Աշխարհի պաշտոնական առաջնությանը զուգահեռ անցկացնում են աշխարհի իրենց սեփական առաջնությունը։ Այս առաջնությանը մասնակցում է նաև Արևմտյան Հայաստանի հավաքականը։

Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիայի (CONIFA) գավաթի առաջնությունը հինգշաբթի օրը մեկնարկել է Բրիտանիայում։

Առաջնությանը մասնակցում են 16 հավաքականներ։ Արևմտյան Հայաստանից բացի այստեղ կարող եք տեսնել Հյուսիսային Կիպրոսի, Վրաստանից անջատված Աբխազիայի, ռուսամետ անջատականների՝ Դոնեցկի և Լուգանսկի, Սոմալիի հարավի, ֆրանսիական Նիսի կոմսության, Հյուսիսային Իտալիայի Պանադիայի, Զիմբաբվեի, Մատաբելելանդի, Տիբեթի և այլ հավաքականներին։

Բրիտանիա մեկնելուց առաջ Դալայ Լաման օրհնել է Տիբեթի հավաքականին։

Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիան ընդհանուր առմամբ 47 անդամ ունի։

«Մեր անդամներից շատերը բավականին ողբերգական պատմություն ունեն», - France-Presse-ին ասել է կոնֆեդերացիայի նախագահ Պիեռ-Անդրես Բլինդը։

Նա ասել է, թե ուրախ են, որ առաջնությունն անցկացվում է Մեծ Լոնդոնում՝ հիասքանչ խաղի պատմական հայրենիքում։

Times-ը գրում է, որ 16 հավաքականներում ընդգրկված ֆուտբոլիստներից առնվազն 30-ը խաղացել են եվրպական բարձր կարգի առաջնություններում, մի քանիսը նույնիսկ՝ Չեմպիոնների լիգայում։

Այս առաջնությունն իր սեփական զինանշանն ունի, օրհներգը, խաղի կանոններից մեկը տարբերվում է ՖԻՖԱ-ի սահմանած կարգից, մրցավարը դեղին և կարմիր քարտերից բացի ֆուտբոլիստին կարող է նաև կանաչ քարտ ցույց տալ՝ վիճաբանությունների, կամ անազնիվ խաղի, խաբելու համար: Կանաչ քարտ ստացած ֆուտբոլիստը փոխարինվում է մեկ այլ խաղացողով:

Հինգշաբթի օրը տեղի է ունեցել Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիայի գավաթի 2018 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, մրցաշարը շարունակվելու է 10 օր, եզրափակիչը հունիսի 9-ին է:

Չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG