Մատչելիության հղումներ

Հանրապետականը պատրաստ է ԸՕ և արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների


ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյան, արխիվ
ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյան, արխիվ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) պատրաստ է թե՛ Ընտրական օրենսգրքի շուրջ, թե՛ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների, սակայն համարում է, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև՝ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Հինգշաբթի երեկոյան Հանրապետականի գործադիր մարմնի նիստի հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը: «Սա է պահանջում սկզբունքորեն թե՛ ժողովրդավարական մոտեցումը, թե՛ մեզանում ձևավորված ավանդույթը», - հավելեց նա:

«Առ այս պահը դեռևս որևէ առաջարկություն՝ մասնակցելու նման քննարկումներին, մենք չենք ստացել, բայց հայտնում ենք մեր պատրաստակամությունը», - ասաց Հարությունյանը:

«Երկրորդ կարևոր տարրը, որ կուզենայի նշել՝ մենք ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ պետք է ընտրությունները անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելով», - ասաց հանրապետական գործիչը, մանրամասնելով․ - «Մասնավորապես՝ որպես կարևորագույն մեխանիզմներ պարոն Փաշինյանը նշել է հետևյալը, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական առցանց, միմյանց հետ փոխկապակցված բազա, և մենք համարում ենք, որ սա շատ օգտակար առաջարկություն է, և պատրաստ ենք մասնակցելու Ընտրական օրենսգրքին, հատկապես պաշտպանելով պարոն Փաշինյանի արտահայտած այդ դրույթը, ինչպես նաև մեկ այլ դրույթ, համաձայն որի՝ պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը, այսինքն՝ համակարգը պետք է փոխկապակցված լինի սահմանային անցումային կետերին, և եթե որևէ մեկ անձ անցնում է սահմանը՝ Հայաստանից դուրս, նրա քվեարկության հնարավորությունը պետք է ավտոմատ կերպով արգելափակվի: Մենք ողջունում ենք նաև այս առաջարկությունը պարոն Փաշինյանի և միանշանակ պաշտպանելու ենք այն»:

«Ինչ վերաբերում է այսպես կոչված ռեյտինգային համակարգին, մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ այդ համակարգը շատ օգտակար համակարգ է», - շեշտեց Դավիթ Հարությունյանը:

«Ազատության» հարցին՝ «արդյո՞ք Ձեր հայտարարությունը նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը մտադիր է գնալ արտահերթ ընտրությունների, ինչի մասին կարծես թե չէր ասվում», նա արձագանքեց․ - «Մենք արդյոք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, թե՝ ոչ, ես արդեն նշեցի՝ ցանկացած արտահերթ ընտրություն պետք է լինի քաղաքական քննարկումների առարկա, մենք չենք տեսնում այս պահին որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ»: «Մեզ համար որևէ փակ հարց չկա», - վստահեցրեց հանրապետական գործիչը:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իր հերթին, «Ազատության» հարցին՝ «Հանրապետականի դիրքորոշման մեջ այս նորությունը կամ այս դիրքորոշումը, որ «մենք պատրաստ ենք քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը», արդյոք կապվա՞ծ է այն հանգամանքի հետ, որ խմբակցությունից պատգամավորներ դուրս եկան, մամուլը գրում է, որ հնարավոր է՝ նոր պատգամավորներ դուրս գան», այսպես արձագանքեց․ - «Ոչ, կապված չեն դրա հետ, եթե ուշադիր հետևել եք իմ հայտարարություններին, այդ թվում նաև ձեր՝ «Ազատություն» ռադիոկայանում հարցազրույցի ժամանակ, ես կատեգորիկ գնահատականներ չեմ հնչեցրել»:

«Մենք մնում ենք նույն կարծիքին․ այս պահին շուտափույթ և շտապ արտահերթ ընտրությունների անցկացման հարց օրակարգում չկա: Չկա ոչ միայն մեր օրակարգում, այլ չկա նաև Փաշինյանի քաղաքական օրակարգում, որովհետև եթե նման օրակարգ լիներ, որ միանգամից կառավարությունը առաջարկում է գնալ արտահերթ ընտրությունների, ապա այդ պարագայում կառավարությունը պետք է կոչով հանդես գար Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերին՝ տապալելու կառավարության ծրագիրը», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով․ - «Քանի դեռ չկա նման մտադրություն, և կառավարության մեր գործընկերները նախապատրաստում են կառավարության ծրագիր և ակնկալում են, որ Ազգային ժողովը կընդունի, մենք սրան չենք խոչընդոտում և արձանագրում ենք փաստ՝ որ առաջիկա մեկ, երկու, երեք ամսվա ընթացքում, այսինքն՝ այսօր, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը օրակարգային հարց չէ»:

«Ես նաև ձեր ռադիոկայանին տված հարցազրույցում ասել եմ՝ որևէ մեկը չի կարող ասել՝ վեց ամիս հետո ինչ կլինի, յոթ ամիս հետո ինչ կլինի, և նաև կոչ եմ արել որևէ կատեգորիկ գնահատական չհնչեցնել», - ընդգծեց Հանրապետականի խոսնակը:

XS
SM
MD
LG