«Տաշիր կապիտալ» ընկերությունը հակադարձում է Հայաստանի կառավարությանը և պնդում, որ հենց իրենք են հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից։
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում շեշտում է՝ ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր իրենց չի հետաքրքրում, իսկ ընկերության կառավարումը ստանձնելու շուրջ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է սակագնի վրա ազդեցության մեղմումը։ «Տաշիր Կապիտալ»-ի հետ պայմանագիրը դադարեցնելու մասին հայտարարել էր էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը։
Ըստ նախարարի, պայմանագրում կետեր կային, որոնք ձեռնտու չէին պետությանը, հետևաբար՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը կմնա իբրև պետական հիմնարկ: «Ընկերությունը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպին», այս պահին դադարեցվել է պայմանագիրը,- ասել էր նախարարը:
Անցած տարի Կարեն Կարապետյանի կառավարությունը հիմնավորում էր՝ 100 տոկոսով պետական սեփականություն հանդիսացող ընկերությունը «Տաշիր կապիտալին» հավատարմագրային կառավարման հանձնելը մի շարք առավելություններ ունի ծախսերի օպտիմալացման, ներդրումների կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյունից:
«Տաշիր Կապիտալը» հայտարարում է, որ էներգետիկայի նախարարի երեկվա հայտարարությունն այն մասին, թե պայմանագրի որոշ դրույթներ պետությանը ձեռնտու չեն, իրենց համար տարակուսելի է։ Ըստ ընկերության՝ պայմանագրի չեղարկման գործընթացի ժամանակ կառավարության և «Տաշիր Կապիտալի» միջև որևէ կետ չի քննարկվել, որևէ հարցի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել, առավել ևս՝ նորանշանակ նախարարի մասնակցությամբ:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ անհասկանալի էր, թե ինչու ԲԷՑ-ը չմնաց պետական և նախորդ տարի հանձնվեց կառավարման՝ «Տաշիր» ընկերությանը։ Չհայտարարվեց, թե որն էր պատճառը, և ինչու առանց մրցույթի դա արվեց։ «Միայն կարող եմ բացատրել այսպես՝ որ դա պարզապես կապված էր նախորդ կարառավարության ցանկոթյունների հետ, որը չէր առնչվում պետական շահի հետ: Դա մի բիզնես-ծրագիր էր, որի նպատակն այդ բնագավառն իրենցով անելն էր»,- «Ազատությանն» ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ պետությունը տարիներ շարունակ լուրջ ներդրումներ էր արել ԲԷՑ-ում, և ընկերությունը լավ էր աշխատում:
«Տաշիր Կապիտալ» ընկերությունն էլ հայտարարում է, որ վերջին 6 ամսվա խորհրդատվության արդյունքում ԲԷՑ-ում մի քանի միլիոն դոլարի խնայողություն է արվել։ Վահագն Խաչատրյանն ասում է, որ դա կարող է ի գիտություն ընդունել, բայց և հարց է տալիս՝ արդյո՞ք նրանք դա չպետք է անեին․ «Ես չեմ հավատում կեղծ բարեգործություններին, ինձ համար այդ կատեգորիաները գոյություն չունեն: Իրենք պարտավոր էին դա անել»:
Չնայած կառավարության որոշմանը, «Տաշիր Կապիտալը» հայտարարում է, որ պատրաստ են իրենց փորձը փոխանցել պետական կառավարիչներին ու նրանց մաղթում են առավել արդյունավետ կառավարում։