Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում փակ և գաղտնի ընթացակարգերով առաջադրված թեկնածուի ընտրությունն Ազգային ժողովի կողմից անթույլատրելի է, հայտարարում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը:
Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածության առաջադրման մասին հայտնի դարձավ մեկ շաբաթ առաջ:
«Իրավունքի Եվրոպա միավորման» դատավոր, փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ հենց նման «ոչ թափանցիկ» առաջադրումն էր պատճառը, որ Ազգային ժողովը շուրջ մեկ ամիս առաջ չընտրեց նախագահի առաջադրած թեկնածուին: «Պետք է հնարավորություն լինի՝ այդ մրցույթի ողջ ընթացքը ենթարկել հանրային վերահսկողության: Այս չափանիշները սահմանված են նույնիսկ ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թեկնածուների մրցույթների համար:
ԱԺ-ն պետք է պարտադրի այդ բարձր ստանդարտների պահպանումը և պարտադրման համար Ազգային ժողովը կարող է չընտրել այս թեկնածուին, համարելով, որ նա ևս ներկայացվել է հավասարության, արդարության, թափանցիկության, հրապարակայնության ստանդարտներին չհամապատասխանող ընթացակարգով»,- «Ազատությանն» ասաց Եգորյանը:
Ազգային ժողովի կողմից նախագահի առաջադրած թեկնածուի չընտրվելուց հետո, ընդունելով իրաբանական հանրության առաջարկը՝ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել էր մինչև նոր թեկնածության առաջադրումը նախաձեռնել լայնածավալ խորհրդակցություններ, ինչի մասին գրավոր տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին։ Այդուհանդերձ՝ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ թեկնածու է առաջադրել դատավորների ընդհանուր ժողովը, խորհրդարանի նախագահն էլ որոշել է ընտրության հարցը քննարկման դնել հունիսի 12-ին:
Ըստ գլխավոր օրենքի՝ Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: Գործընթացի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի խոսքով՝ նախատեսված չէ այնպիսի ընթացակարգ, ըստ որի՝ նախագահը կարող է կորցնել թեկնածու առաջադրելու իր հերթը:
«Քանի որ ՍԴ դատավոր և նախագահ հանդիսացող Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարել էին և այդ կապակցությամբ առաջացել էր ՍԴ դատավորի թափուր տեղ և դա առաջացել էր այն ժամանակահատվածում, երբ ըստ առաջնահերթության և հերթականության՝ Սահմանադրության 213 հոդվածով սահմանված՝ նախագահի թեկնածուի առաջադրման հերթն էր, այդ տեղը լրացնելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը հանրապետության նախագահինն է»,- նկատում է Տիգրան Եգորյանը:
Իրավապաշտպան կազմակերպության դիտարկմամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի երկրորդ թափուր տեղը կառաջանա հունիսի 15-ին, երբ կլրանա Սահմանադրական դատարանի դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի 70-ամյակը: Հենց այդ ժամանակ էլ կգա դատավորների ընդհանուր ժողովի կողմից թեկնածու առաջադրելու հերթը: Սակայն դա չի կարող շրջանցել նախագահի կողմից առաջադրվող թեկնածուի ընտրությունը, համոզմունք է հայտնում իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը:
«Ազգային ժողովը Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի պահպանման նկատառումներից ելնելով՝ պետք է իր կամքը արտահայտի հենց [հունիսի] 12-ի քննարկման ժամանակ, եթե այդ քննարկումը կվերաբերի դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուին, քանի որ այդ թեկնածուն կարող է ընտրվել միայն ՍԴ դատավորի հաջորդ թափուր տեղի համար»,- շարունակում է Եգորյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենց ուղղված գրությամբ նախագահը հաստատել է, որ պատրաստ է նախաձեռնել Սահմանադրական դատարանի դատավորի մասնագիտական ընտրական գործընթաց, որի առաջարկով նրան դիմել էին ավելի քան 200 փաստաբաններ: Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից այսօր «Ազատությանը» չհաջողվեց պարզել, թե երբ է նախագահը մտադիր բարձր դատարանի դատավորի նոր թեկնածու առաջադրել: