2018 թվականի ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, նաև լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ավելի քան 80 դեպք, որոնք քննվում են Հատուկ քննչական ծառայությունում, միավորվել են մեկ վարույթի մեջ։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Քրեական գործով նախաքննություն է իրականացվում ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից հավաքներին մասնակցած, ինչպես նաև բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնությամբ զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ավելի քան 80 դրվագով։ Նշված քրեական գործով տուժող է ճանաչվել շուրջ 50 անձ, այդ թվում 7 լրագրող և մեկ փաստաբան։
Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը»,- ասաց ՀՔԾ մամլո խոսնակը։
Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում քննվող 80 դրվագներից մեկը վերաբերում է 26-ամյա Բաբկեն Ավետիսյանին, ում վարձակալած «Նիսան» մակնիշի մեքենան վնասվել էր ապրիլի 21-ին՝ կարմիր բերետավորների գործողությունների հետևանքով: Բաբկեն Ավետիսյանը տուժող է ճանաչվել: Նա այդ օրը, որպես բողոքի գործողություն, մեքենայով փակել էր Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը։
«Մեքենայի մեջ նստած եմ եղել, ոստիկանները եկան ասացին՝ ճանապարհը բաց, դուռը բաց, ես հրաժարվեցի, չբացեցի։ Սկսեցին հարվածել մեքենային, ապակուն, որը չէր ջարդվում։ Դրանից հետո որ կոտրվեց, ես դուռը բացեցի, տարան ոստիկանություն։ Որ դուռը չէի բացում, իրենց պահանջներին չէի ենթարկվում, դրա համար էին երևի տենց անում։ Կամ հրաման էր եկել»,- պատմում է երիտասարդը: Նրա խոսքով՝ մեքենան դեպքից 20 րոպե առաջ էր վարձակալել՝ բողոքի ակցիաներին դրանով մասնակցելու, նաև անձնական օգտագործման համար։
Այդ միջադեպից հետո քաղաքացիները դրամահավաք են կազմակերպել՝ վնասված մեքենան նորոգելու համար։ Բաբկեն Ավետիսյանն ասաց նաև, թե հավատում է, որ այս գործով մեղավորները կպատժվեն։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ կարմիր բերետավորների կողմից ցուցարարի մեքենան վնասելու դեպքով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել, այն ընթացքի մեջ է։