Մատչելիության հղումներ

Ավարտվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան


Նիկոլ Փաշինյանը Ծալկայում
Նիկոլ Փաշինյանը Ծալկայում

Ավարտվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան:

Առավոտյան Հայաստանի վարչապետը նախաճաշել է վրացի գործարարների հետ, քննարկվել են Հայաստանում ներդրումային հարցեր, ապա Նիկոլ Փաշինյանն այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» մշակութային կենտրոն։ Այստեղ Հայաստանի վարչապետի համար Թումանյանի մոտիվներով տիկնիկային ներկայացում էին պատրաստել։

«Պարոն Փաշինյան, Դուք էլ հեքիաթային, այսպես ասած, մի կարևոր հեղափոխություն արեցիք, քանի որ օրեր, ամիսներ առաջ այդ հեղափոխությունը բոլորիս հեքիաթ էր թվում, ոչ մեկս չէինք հավատում, ժողովրդի ծոցից ելավ հեքիաթի նման մեկն, ով կարողացավ հեղաշրջել», - ներկայացումից հետո ասացին դերասանները։

Ապա թեյի հյուրասիրություն տեղի ունեցավ, ինչպես կենտրոնի տնօրենն «Ազատության»-ը փոխանցեց, թումանյանական ոճով, ինչպես ընդունված է եղել այս տանը թեյ հյուրասիրել հյուրերին։

«Թումանյանի տուն ով եկել է, առանց հյուրասիրվելու այստեղից չի գնացել, և մենք այսօր նույնպես աշխատում ենք մեր հյուրերին թումանյանական ջերմ տանը դիմավորել, հյուրասիրել։ Մենք աշխատում ենք պահպանել ավանդական էս հյուրասիրության ձևը», - ասաց տնօրենը։

Հայաստանի վարչապետը նաև ճաշել է վրացահայ գործարարների հետ։

Այսքանով ավարտվեցին պաշտոնական հանդիպումները։ Վարչապետ Փաշինյանը Թբիլիսիից ուղևորվեց Ջավախք։

Վարչապետին հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ են սպասում գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում։ Տարիներ շարունակ տեղացիները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին՝ վրացական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հարցեր, եկեղեցու պահպանման խնդիրներ և այլն, ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս թեմաներով քննարկումներ կանցկացնի վիրահայերի հետ։

Երեկ ամփոփելով իր պաշտոնական հանդիպումները՝ Նիկոլ Փաշինյանն «Ազատության»-ն ասաց, թե ի դեմս Վրաստանի վարչապետի, նախագահի և Ազգային ժողովի խոսնակի ձեռք է բերել բարեկամներ։

Երեկ ուշ երեկոյան Վրաստանի քաղաքային խորհրդի շենքում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Ելույթներ ունեցան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա վրացի գործընկեր Գիորգի Կվիրիկաշվիլին։ Վերջինս իր ելույթում նշում էր. - «Հայ ժողովուրդը ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ հայտնում է վստահություն, ինչի համար ոտքի կանգնեց: Միջազգային հանրությունը, հետևելով հայաստանյան իրադարձություններին, ողջունեց հայ ժողովրդի ցուցաբերած իմաստնությունը և ներքաղաքական հարցերը խաղաղ կարգավորելու կարողությունը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Հայաստանի հետագա զարգացման կայուն հիմք կդառնան»։

Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում դեսպանների հյուրերի առջև Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ հայաստանյան իրադարձություններին՝ հայտարարելով. - «Հիմա արդեն մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և մենք բաց չենք թողնի մեր ճակատագիրը մեր ձեռքերից, մենք բաց չենք թողնի այս հնարավորությունը մեր ձեռքերից, որովհետև մենք հաղթել ենք, մենք հաղթում ենք և մենք հաղթելու ենք ապագայում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG