Մատչելիության հղումներ

Ավանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական գործողությունները՝ Ավան վարչական շրջանում արձանագրված անկարգությունների մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով հարվածել և վնասել քաղաքացիների ավտոմեքենաները։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է երկու անձի ինքնություն՝ 1985թ. ծնված Է. Պետրոսյան և Կ. Տոնոյան, ովքեր այսօր ձերբակալվել են՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք («զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը») կատարելու կասկածանքով։

Քննչական կոմիտեն տեղեկացրել է նաև, որ Ավան վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած բռնությունների դեպքերի առթիվ Երևանիի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ևս մեկ անձի՝ 35-ամյա մի տղամարդու, մեղադրանք է առաջադրվել ապրիլի 22-ին Աճառյան փողոցում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար։

Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին, և միջոցներ են ձեռնարկվում՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Մեկ այլ հաղորդագրությամբ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՝ ապրիլի 20-ին Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:

Ապրիլի 20-ին Երևանի Արմենակյան փողոցի մոտակայքում բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ երկու անձ՝ արական և իգական սեռի, բռնություն են գործադրել Lragir.am-ի լրագրողի նկատմամբ՝ հարվածել վերջինիս գլխին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել: Հարուցված քրեական գործով մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Երևանի բնակիչներ՝ արական և իգական սեռի՝ ծնված 1999 և 1973թթ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին և Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»), և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG