Մատչելիության հղումներ

Մոսկվան «հերթական հակառուսական սադրանք» է որակում Բաբչենկոյի սպանության բեմականացումը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդիպում է լրագրող Արկադի Բաբչենկոյի հետ, Կիև, 30-ը մայիսի, 2018թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդիպում է լրագրող Արկադի Բաբչենկոյի հետ, Կիև, 30-ը մայիսի, 2018թ․

«Տարօրինակ պատմություն է, և չեմ կարող ասել, թե ինչքանով է նպատակը արդարացնում միջոցները: Փառք Աստծո, մարդը ողջ է, բայց սա չի փոխում մեր այն կարծիքը, որ Ուկրաինան վտանգավոր երկիր է լրագրողների համար», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը Պուտինի կոշտ ընդդիմախոս, լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմականացումը դեռ երեկ երեկոյան է որակել Ռուսաստանի դեմ սադրանք:

«Մենք ուրախ ենք, որ ռուսաստանցի լրագրողը ողջ է», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: - «Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործողությունները հերթական հակառուսական սադրանքն է, որը զարգացում է ունենալու»:

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևն էլ համեմատական է տարել Սկրիպալների գործի հետ՝ նկատելով, որ «տրամաբանությունը նույնն է՝ ցանկացած գնով վարկաբեկել Ռուսաստանը», և հավելելով՝ դեռ պետք է մանրամասն ուսումնասիրել Բաբչենկոյի գործը:

Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսն էլ նշել է, թե Ուկրաինայի գործողությունները հակասում են Եվրոպայում ընդունված՝ հավաստի լուրեր տարածելու սկզբունքներին:

Իսկ Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջում է, որ Ուկրաինայի իշխանությունները բացատրեն, թե ինչու են գնացել նման քայլի: «Մենք ուրախ ենք, որ Արկադի Բաբչենկոն ողջ է: Ուկրաինայի իշխանությունները պետք է հիմա պարզաբանեն, թե ինչն է նրանց ստիպել գնալ այդ բեմականացմանը», - հայտարարել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կազմակերպության համակարգող Նինա Օգնյանովան և հավելել, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեն հետաքննելու է այս աննախադեպ իրավիճակը:

Թեմային անդրադարձել է նաև եվրոպական մամուլը: The Independent-ը, մասնավորապես, գրել է, որ կատարվածը հարցականի տակ է դնում վստահությունը Կիևի նկատմամբ:

Երեկ, երբ Մոսկվայում արդեն պետք է սկսվեր Բաբչենկոյի հիշատակին նվիրած բողոքի հավաքը, Ուկրաինայի անվտանգության ծառայության տնօրենը հայտարարեց, որ ռուսաստանցի լրագրողը ողջ է: Բաբչենկոն ասուլիսի ընթացքում ներս մտավ դահլիճ: Ասուլիսի ժամանակ պարզաբանվեց, թե հատուկ գործողություն է իրականացվել՝ հայտնաբերելու նրա սպանությունը պատվերով կատարողին: Հայտարարվեց, թե Բաբչենկոյի սպանության պատվերի հետևում Ռուսաստանի հատուկ ծառայություններն էին կանգնած, որոնք վարձել էին Ուկրաինայի մի քաղաքացու, ով համաձայնել էր 30 հազար դոլարի դիմաց սպանել Կրեմլի ընդդիմախոսին: Ենթադրյալ քիլերը ձերբակալված է: Սա ստուգողական սպանություն պետք է լիներ: Մոսկվան նախատեսում էր նման ձևով սպանել ևս 30 քաղաքացու, պնդում են Ուկրաինայի հատուկ ծառայությունները:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանձնարարել է Բաբչենկոյին և նրա ընտանիքին տրամադրել շուրջօրյա պահակախումբ:

Հիշեցնենք, մայիսի 29-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ Կիևում իր սեփական բնակարանի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել ռուսաստանցի լրագրող և բլոգեր Արկադի Բաբչենկոն, ով շտապօգնության մեքենայում հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Պաշտոնական Մոսկվան, միջազգային կազմակերպություններն արագ արձագանքեցին, իսկ ռուսական ինտերնետը պարզապես «պայթում էր»:

Մոսկվայում երեկ երեկոյան պետք է կայանար Բաբչենկոյի հիշատակին նվիրած բողոքի հավաք, նրա «սպանությունը» նույնիսկ համեմատում էին Բորիս Նեմցովի սպանության հետ:

Արկադի Բաբչենկոն նախկինում հայտարարել էր, որ բազմաթիվ սպառնալիքների պատճառով ստիպված է եղել հեռանալ Ռուսաստանից և տեղափոխվել է Կիև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG