Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ թավշյա հեղափոխությանը նախորդած և հաջորդած շաբաթներին հայաստանյան բանկային համակարգից խոշոր գումարներ չեն հանվել, թեև բազմաթիվ փոքր ավանդատուներ խզել են իրենց պայմանագրերը՝ բանկերից հանելով իրենց գումարները․ - «Խոշոր արտահոսք, որպես այդպիսին, չի եղել: Այն, ինչ եղել էր, արդեն վերականգնվել է»:
«Խոշոր գումարների արտահոսքը հեշտ բան չի: Կենտրոնական բանկում գործում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնը: Բացի նրանից, որ մեր Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ցանկացած խոշոր ֆինանսական հոսք պարտադիր հետազոտում է մինչև վերջ, նաև ստացող երկրի ֆինանսական համակարգը, հենց ստացան, միանգամից նրանք են ֆիքսում դա նաև: Նրանք են սկսում ուսումնասիրել և հետևել, թե ինչ հոսքեր, ինչից էր, որտեղից էր, ինչի համար եկավ: Այսինքն, դա այդքան հեշտ չի իրականացնել բանկերի միջոցով»:
Ինչ վերաբերում է փոքր ավանդներին, ապա այդ գումարների սեփականատերերը վերստին վստահել են իրենց համեստ խնայողությունները հայաստանյան բանկային համակարգին․ - «Վերջին զարգացումների ժամանակ, այո՛, եղան որոշակի խզումներ ավանդային պայմանագրերի, ֆիզիկական անձանց փոքր ավանդների հատկապես․․․ Հիմնականում այն ավանդատուներն են, ովքեր չեն կարողանում երկարաժամկետ որոշումներ կայացնել, կամ շատ հեշտ տարբեր տեսակի երևույթների, զարգացումների արդյունքում ընկնում են պանիկայի կամ տարբեր ազդեցության ներքո․․․ մարդիկ որոշել էին խզել: Դեռ չեմ կարող ասել թիվ: Դուք մոտ ապագայում կտեսնեք հաշվետվություններն արդեն, որտեղ կերևա։ Ես ձեզ կարող եմ մի բան ասել, որ այն, ինչ որ դուրս էր եկել, ամբողջությամբ վերադարձել է արդեն համակարգ, ու մենք ունենք աճ արդեն»:
Հարց է առաջանում՝ եթե փոքր ավանդներ ունեցողները որոշակի մտավախությունից ելնելով իրենց գումարները դուրս էին բերել բանկերից, խոշոր դրամագլուխ ունեցողները, որոնք հիմնականում կապված էին նախկին իշխանությունների հետ, ինչո՞ւ նման կերպ չեն վարվել: Արդյո՞ք սա նշանակում է, որ օլիգարխները կամ նախկին իշխանության հետ սերտաճած բիզնեսը իր գումարները պահում է ստվերում կամ արտերկրի բանկերում:
Գրիգորյանի պատասխանը․ - «Եթե տեղի է ունեցել փոքր արտահոսք կամ շարժեր ֆիզիկական անձանց ավանդների և պայմանավորված է եղել որոշակի սպասումներով կամ անկանխատեսելի ելքով, որը հետ է վերադարձել արդեն: Միայն դա կարող ենք ասել: Թե այլ անձինք, լինեն իշխանավորներ, լինեն ոչ իշխանավորներ, ովքեր բավական մեծ կարողություն ունեն, իրենք իրենց միջոցները որտեղ են պահել, որտեղ են պահում և ինչքան է դա կազմում, ես չեմ կարող ասել, ու նման հետևություն չեք կարող անել»:
Անդրանիկ Գրիգորյանը ընդհանրացմամբ՝ նախորդ շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ հայաստանյան բանկային համակարգը կայուն է և ի վիճակի է դիմանալա շոկերին:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, անշուշտ, նախորդ շաբաթները վկայեցին հայաստանյան բանկային համակարգի կայունության մասին, սակայն առջևում դեռ փորձություններ կան․ - «Որովհետև բոլոր դեպքերում երկիրը ֆինանսական պարտավորություններ ունի, հատկապես պետական պարտքի սպասարկման շրջանակներում: 400 միլիոն դոլար պետք է պետական պարտք այս տարի սպասարկվի: Եվ չմոռանանք, որ եկող տարի էլ վատագույն տարիներից մեկն է: Կառավարությունը և հատկապես ֆինանսական կառույցները պետք է մտածեն պետական 700 միլիոնանոց պարտքի վճարումը ինչպես պետք է կատարեն: Սա խնդիր է, որ արդեն այս կառավարության ուսերին է»: