Մատչելիության հղումներ

«Ալեքս Հոլդինգը», ՊԵԿ նախկին ղեկավարության հետ համաձայնեցված, խուսափել է խոշոր հարկերի վճարումից․ ԱԱԾ նոր պարզաբանումը


Օրերս ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդել էր, թե 300-ից ավելի անհատների միջոցով բիզնես իրականացնելու և հարկեր չվճարելու մասին՝ ԱԱԾ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: Այսօր Բաղդասարյանն ընդգծեց՝ այն մեխանիզմը, որը գործել է ցանցային սուպերմարկետներում, ներդրվել է բոլորի իմացությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում, որին մասնակցել է նաև անձամբ ինքը:

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ԱԱԾ- ի կողմից իրականացվող ստուգումների մասին լրացուցիչ պարզաբանումներով:

«ԱԱԾ-ն շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։

Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ԱԱՀ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

Այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։

Օգտվելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից առանց իրավական հիմքերի, կամայական, ոչ օրինաչափ իրենց ընձեռված հնարավորությունից` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, բացի տեղական գյուղմթերքից, վերը նշված ԱՁ-ների անվամբ իրացրել է նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, ինչպես նաև ներկրված գյուղմթերք, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկը։ Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկվելու է «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված մասնագիտական (հարկային) ստուգմամբ և դատահաշվապահական փորձաքննությամբ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում միաժամանակ իրականացվել են թվով 10 խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են հաշվապահական բնույթի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր, հարցաքննվել են «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության պատասխանատու աշխատակիցները, ԱՁ-ների գրանցումն իրականացրած նոտարը, ինչպես նաև քաղաքացիների մի մասը, ում անվամբ գրանցվել են ԱՁ-ները:

Բացի այդ, առկա հավաստի տվյալների համաձայն, ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպությունների, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար: Քրեական գործի շրջանակներում ստուգողական բնույթի գործողություններ են իրականացվելու նաև նշված 11 ընկերությունների նկատմամբ, ուստի վերջիններիս առաջարկվում է ինքնուրույն վերահաշվարկել նկարագրված եղանակով չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակներում վնասի հատուցման հարցը լուծելու համար»,- մասնավորապես, նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե առաջիկայում սպասվում են նոր «կոռուպցիոն» բացահայտումներ:

ԱԱԾ տնօրենի խոսնակ Սամսոն Գալստյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Սամվել Ալեքսանյանը, ում ընտանիքին է պատկանում «Ալեքս Հոլդինգ»-ը, չի հարցաքննվել, իսկ գործով ձերբակալվածներ չկան, քանի որ նրանք ընդունել են իրենց կողմից թույլ տրված ապօրինություները՝ ԱՁ-ների միջոցով աշխատելու փաստը և պատրաստկամություն են հայտնել՝ համապատսխան ստուգումներից հետո վճարումներ կատարել պետբյուջե:

Ի դեպ, այսօր ավելի վաղ, արձագանքելով «Ազատության» հիշեցմանը, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում էր, թե 300-ից ավելի անհատների միջոցով բիզնես իրականացնելու և հարկեր չվճարելու մասին ԱԱԾ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, նույն Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց՝ այն մեխանիզմը, որը գործել է ցանցային սուպերմարկետներում, ներդրվել է բոլորի իմացությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում, որին մասնակցել է նաև անձամբ ինքը:

«Խոսքը վերաբերում է միրգ- բանջարեղենին և մսամթերքին, որի հետ կապված եղել է մեծ խորհրդակցություն: Եթե ԱԱՀ-ի դաշտում գործեին, ապա սուպերմարկետներում 60 տոկոսից ավելի թանկացում կլիներ: Որպեսզի գյուղացին չտուժի և մթերում իրականացվի, միջանկյալ լուծում է գտնվել, ժամանակավորապես, մինչև օրենքի կարգավորումը: Խորհրդակցությունը եղել է 3-4 ամիս առաջ, իմ ներկայությամբ, որին մասնակից է եղել նաև այսօրվա ՊԵԿ կոմիտեի նախագահը, դրանից տեղյակ է եղել այսօրվա ֆինանսների նախարարը: Պետք է իրադարձություններին հետևենք, հասկանանք իսկությունը, որտեղից է դա ծնվել՝ ինքնագլու՞խ են այդ գործունեությամբ զբաղվել, թե՞ պարզապես օրենքում կազուսի պատճառով»,- ասաց Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG