Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» դատական նիստն անցավ առանց ամբաստանյալների


2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալները ներկա չէին։

Մեկ շաբաթ առաջ ևս նրանց դատարան չէին բերել։ Դատավոր Մեսրոպ Մակյանը ընթերցեց ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ կալանավայրերից հնարավոր չի եղել աբաստանյալներին բերել դատարան, քանի որ ոստիկանության ուղեկցող գումարտակը ծանրաբեռնված է, ինչպես նաև չունի ազատ ավտոմեքենաներ։

Դահլիճում չէին նաև ամբաստանյալների փաստաբանները։ Կիսադատարկ դահլիճում դատավորից զատ նաև դատախազներն էին ու երեք հանրային պաշտպանները։ Մեկը մյուսի հետևից հանրային պաշտպանները հայտարարեցին, որ եթե ամբաստանյալներին դատարան չեն բերել, նիստը չի կարող շարունակվել առանց նրանց։

Մեղադրող դատախազները պնդեցին, որ օրենքը թույլ է տալիս առանց ամբաստանյալների նիստ անել՝ եթե նրանք հեռացված են նիստերի դահլիճից։ Փաստաբանները հակադարձեցին, թե դատական սանկցիա կիրառելը ենթադրում է հեռացում դատական նիստերի դահլիճից, ոչ թե դատարանի շենքից:

Այնուհետև դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը․ ներկայացվեցին տեսագրություններ, որտեղ նախաքննական մարմինը ամբաստանյալների մասնակցությամբ քննչական գործողություններ է կատարել ոստիկանության գնդի տարածքում։ Մասնավորապես, ցուցադրվեց Սմբատ Բարսեղյանի հետ քննչական գործողությունը, որտեղ նա պատասխանում է քննիչների հարցերին, ցույց է տալիս, թե ինչպես է իր ընկերների հետ մուտք գործել ոստիկանակն գնդի տարածք։

Սմբատ Բարսեղյանը, բացի գունդը գրավելուց, մեղադրվում է նաեւ երկու ոստիկանների՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանը։

«Սասնա ծռեր» խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավեց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31-հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ոստիկանության գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։

Ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում են Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։ Վերջիններս նաև մեղադրվում են շենք-շինություն զավթելու, պատանդ պահելու, հրազեն ու ռազմամթերք հափշտակելու մեջ։

«Սասնա ծռեր» խումբը մեղադրանքը չի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG