ՀՅ Դաշնակցության բյուրոյի հրավերով երեկ Երևանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։
«Ժողովը նոր իրողությունների համատեքստում հանգամանալի քննարկման առարկա դարձրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցության վերջին երկամսյա գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց հնարավոր քաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին», - հաղորդում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:
«Ժողովը վերահաստատեց հայաստանակենտրոն գործունեությանը նոր թափ հաղորդելու կուսակցության հանձնառությունը և իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցության մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին։ Ժողովն արձանագրեց, որ Հայոց պետականության հզորացումն ու ամրապնդումը մնում է համահայկական հիմնական օրակարգ և գերխնդիր՝ թե՛ հայրենաբնակ ժողովրդի եւ թե՛ սփյուռքահայության համար: Ժողովն արժևորեց համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած վերազարթոնքը՝ համոզումով, որ Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին ընդառաջ այն իրապես կիմաստավորվի և կունենանք նոր սկիզբ, արդար և հզոր Հայաստան», - ասված է Դաշնակցության այսօր տարածած հաղորդագրությունում: