Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոսմանը հայտարարել է, որ ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության համար պատասխանատու է Ռուսաստանը: Նրա խոսքով՝ Մոսկվան չներեց լրագրողի ազնվությունն ու սկզբունքայնությունը: «Ուկրաինայի իսկական ընկերը, ով աշխարհին պատմում էր ճշմարտությունը ռուսական ագրեսիայի մասին», - Ֆեյսբուքում գրել է Գրոսմանը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի կարծիքով՝ Բաբչենկոյի սպանության հետևում հնարավոր է կանգնած է Կրեմլը: Նա հիշեցրել է, որ լրագրողը ստիպված հեռացել էր Ռուսաստանից սպառնալիքների պատճառով: «Նա շարունակում էր պայքարել Ռուսաստանի ժողովրդավարության համար, Ուկրաինայի համար, և իհարկե Մոսկվան նրան միշտ թշնամի է համարել», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Արկադի Բաբչենկոյի ընտանիքին և հարազատներին, նրա սպանությունը համարելով Ուկրաինայում տիրող «տոտալ անպատժելիության» մթնոլորտի հետևանք:
Արկադի Բաբչենկոն Կիևում սպանվել է երեկ: Նրա տան նրբանցքում մարդասպանը երեք անգամ թիկունքից կրակել է լրագրողի վրա: Նա վախճանվել է հիվանդանոցի ճանապարհին:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել դիտավորյալ սպանության հատկանիշներով: Կիևի ոստիկանությունը երկու հիմնական վարկած է քննում՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը և նրա քաղաքացիական դիրքորոշումը:
Քրեական գործ է հարուցել նաև Ռուսաստանի քննչական կոմիտեն:
Ռուսաստանի իշխանություններին քննադատող Արկադի Բաբչենկոն անցյալ տարի հեռացել էր Ռուսաստանից սպառնալիքների պատճառով: