Մատչելիության հղումներ

Կիևում երեկ սպանվել է ռուսաստանցի հայտնի լրագրող Արկադի Բաբչենկոն


Ուկրաինա - Ոստիկաններն ու լրագրողները՝ այն շենքի մոտ, որտեղ գտնվում է նաև Բաբչենկոյի բնակարանը, Կիև, 29-ը մայիսի, 2018թ.
Ուկրաինա - Ոստիկաններն ու լրագրողները՝ այն շենքի մոտ, որտեղ գտնվում է նաև Բաբչենկոյի բնակարանը, Կիև, 29-ը մայիսի, 2018թ.

Երեկ երեկոյան Կիևում սպանվել է ռուսաստանցի հայտնի լրագրող, Կրեմլի կոշտ ընդդիմախոս Արկադի Բաբչենկոն։

Մի քանի անգամ կրակել են նրա մեջքին՝ իր բնակարանի մուտքի մոտ։ Բաբչենկոն տուր էր վերադառնում խանութից։

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Բաբչենկոյի սպանության գործով։ Քրեական գործ է հարուցել նաև Ուկրաինայի քննչական կոմիտեն։

Ռուսական մամուլը շտապել է գրել, թե Կիևը վտանգավոր քաղաք է դարձել և այնտեղ պարբերաբար սպանվում են Ռուսատանի քաղաքացիներ՝ օրինակ լրագրող Պավել Շերեմետևը, նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, հիմա էլ՝ լրագրող Արկադի Բաբչենկոն։

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, չեն հստակեցրել, որ բոլոր այդ մարդիկ Կրեմլի քննադատներն են։

Կիևի ազգային ոստիկանության ղեկավար Անդրեյ Կրիշենկոն հայտարարել է, որ Բաբչենկոյի սպանության առաջին և ակնհայտ վարկածը նրա մասնագիտական գործունեությունն է, սակայն ավելի հստակ վարկածների մասին, ըստ Կիևի ազգային ոստիկանության ղեկավարի, դեռ վաղ է խոսել։

Բաբչենկոյի կինը բնակարանում էր և կրակոցները լսելուց հետո դուրս է եկել միջանցք ու միջանցքում ամուսնուն տեսել արյան մեջ։ 40-ամյա տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայում։

Բաբչենկոյի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր։ Նա շատ կոշտ էր քննադատում ոչ միայն Ռուսաստանի իշխանություններին, այլ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող ռուսաստանցիներին։ Սակայն նրա սպանության մասին լուրը զայրացրել էր նույնիսկ նրա քննադատներին։

Լրագրող և բլոգեր Բաբչենկոյի հասցեին պարբերաբար սպառնալիքներ էին հնչում և նա ստիպված էր Ռուսաստանից հեռանալ։ Նա տեղափոխվել էր նախ Պրահա, իսկ Պրահայից արդեն աշխատանքի հրավերով տեղափոխվել էր Կիև, որտեղ աշխատում էր տեղի հեռուստաընկերություններից մեկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG