Վաղ առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Վրաստան:
Սա վարչապետի պաշտոնում Փաշինյանի երկրորդ արտերկրյա այցն է` Եվրասիական միության երկրների առաջնորդների հետ Ռուսաստանում տեղի ունեցած հավաքից հետո:
Նիկոլ Փաշինյանին և տիկնոջը` Աննա Հակոբյանին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորեց Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Փաշինյանին ուղեկցում են Կառավարության մի շարք անդամներ` այդ թվում պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Պատվիրակության կազմում է նաև Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Հայաստանի վարչապետը պաշտոնական հանդիպումներից առաջ նախ Հերոսների հրապարակում ծաղկեպսակ դրեց Անմար կրակի մոտ, ապա ուղևորվեց Վրաստանի կառավարություն, որտեղ նախատեսված է առանձնազրույց վրաց պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, ընդլայված կազմով հանդիպում, որից հետո երկու վարչապետերը լրագրողների առջև հանդես կգան հայտարարությամբ:
Երեկոյան արդեն Փաշինյանը և Կվիրիկաշվիլին մասնակցելու են Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հայաստանի վարչապետն այսօր կհանդիպի նաև Վրաստանի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ:
Ծրագրված է այցելություն Խոջիվանք հայկական գերեզմանատուն, Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների, վրացահայ և վրացի գործարարների հետ:
Առայժմ հայտնի չէ` արդյոք Փաշինյանը կհանդիպի նաև մեծահարուստ գործարար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Պաշտոնական տեղեկատվությամբ նշվում է միայն, որ վաղը վարչապետ Փաշինյանին ընդունելու է Վրաստանի հոգևոր առաջնորդ Պատրիարք Իլյա Երկրորդը:
Ապա մեկնարկելու է Վրաստան այցելության ոչ պաշտոնական և, թերևս, ամենահետաքրքիր մասը. Հայաստանի նորընտիր վարչապետը Թբիլիսիից ուղևորվելու է Ջավախք` կանգ առնելով հայաբնակ մի քանի գյուղերում, Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում: Տեղացիները տարիներ շարունակ բարձրացնում են դպրոցներում հայոց լեզվի դասավանդման, հայկական եկեղեցիների պահպանման հարցեր:
Վրաստանը Հայաստանի սահմանային հարևանն է, տարանցիկ երկիր դեպի Ռուսաստան և Սև ծով: Հայաստանի բեռնափոխադրումների 70 տոկոսից ավելին անցնում է Վրաստանով, այս երկիրը նաև զբոսաշրջային մեծ նշանակություն ունի Հայաստանի համար. հարյուր հազարավոր հայաստանցիներ են ամառային հանգիստն անցկացնում Սև ծովի ափին, Ամանորը դիմավորում Թբիլիսիում:
Օրեր առաջ Թբիլիսիում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` մասնակցելու Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Հայաստան էր այցելել այս տարի մարտին, հանդիպել պաշտոնավարումն ավարտող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: