«Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն այսօր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էր: Ստորև ներկայացնում ենք ասուլիսից մի հատված: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել կից տեսանյությում:
Հարց․ - Երեկվա համերգի վերաբերյալ շատ քննադատություններ եղան, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:
Լիլիթ Մակունց․ - Նախ կուզեի դրական կողմին անդրադառնալ, որ նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը, դրանց գործարկումը շատ դրական ազդեցություն ունեցավ ընդհանուր համերգի ֆոնի, համերգի՝ ներկայանալի լինելու առումով: Այնպես որ՝ կարծում եմ արժե շարունակել նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը:
Ինչ վերաբերում է բովանդակային կողմին՝ կային բաներ, որոնք արժե վերանայել: Մասնավորապես, ես կնշեմ, որ այդ տոնի զգացողությունը մի քիչ պակասում էր երգերի բովանդակային առումով: Ես, որպես քաղաքացի, կուզեի ավելի ուրիշ կերպ նշվեր, որպեսզի հաղթանակածի դիրքերից հանդես գայինք նաև համերգի շրջանակներում:
Հարց․ - Դուք ժամանակ ունեցե՞լ եք սցենարին նախապես ծանոթանալու, արդյո՞ք Մշակույթի նախարարությունը ուներ այդ լիազորությունները՝ սցենարին նախապես ծանոթանալ, շտկումներ անել, առաջարկներ ներկայացնել:
Լիլիթ Մակունց․ - Ինձ տեղեկացրել էին, որ Մշակույթի նախարարությունը բովանդակային մասով պատասխանատու չէ և, հետևաբար, դրա հետ կապված որևէ վերահսկողություն չի արել նախարարությունը: Կարծում եմ այս առումով մենք նաև քաղաքականություն պետք է վերանայենք նաև հետագայում:
Հարց․ - Հայաստանի Առաջին Հանրապետության օրը ինչո՞ւ էր հնչում «День Победы» երգը:
Լիլիթ Մակունց․ - Ես կարծում եմ, որ հատկապես այն միջոցառումները, որոնք վերաբերում են պետականությանը, ինքնիշխանությանը, ազատությանը և դրա փառաբանմանն է նվիրված ու դա ենք մենք տոնում, այդտեղ պետք է ուշադրությունը սևեռվի մեր հայկական մշակույթին և երաժշտությանը:
Հարց․ - Այսինքն կիսո՞ւմ եք այս մտահոգությունը:
Լիլիթ Մակունց․ - Իհարկե:
Հարց․ - Մշակութային տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներում ինչպե՞ս է որոշվում, թե ով պիտի մասնակցի:
Լիլիթ Մակունց․ - Ընդհանրապես պետական կառույցում բոլորովին նոր մարդ եմ, երբևէ չեմ աշխատել պետական կառույցում: Նախարարությունը ունի տվյալների բազա՝ մշակութային գործիչների: Խնդրել եմ տրամադրել մշակութային գործիչների տվյալների բազան և նաև հնարավորինս իմ ծանոթներին, ընկերների օգնությանը դիմելով՝ փորձել եմ հրավիրել նորերին։ Բայց ինչ-որ խնդիրներ էին առաջացել, մասնավորապես, երբ վարչությունը ներկայացրել էր մշակութային գործիչների ցուցակներ այն տվյալների բազայից, որը արդեն իսկ կա նախարարությունում: Հետագայում պարզվեց՝ այդ լուրը հասավ ինձ մի փոքր ուշացումով, որ այդ տվյալների ցուցակը սրբագրված է ինձ տեղ հասել: Դա, մասնավորապես, տեղի էր ունեցել կինոգործիչների հետ հանդիպմանը, որը հետագայում շտկվեց և շտկումների փուլում է։
Հարց․ - Պարզեցի՞ք ովքեր էին սրբագրողները, պատճառները:
Լիլիթ Մակունց․ - Պատճառները պարզվում են:
Հարց․ - Դուք տեղյա՞կ էիք արդյոք այդ նախարարության նախկին գործունեության մասին, եթե այո՝ ապա ինչո՞ւ դեռ չեք արել որևէ կադրային փոփոխություն: Խնդրում եմ հեռացրեք Ձեր փոխնախարարներին ու զբաղվեք նրանց վրա եղած քրեական գործերով:
Լիլիթ Մակունց․ - Տեղեկացված եմ եղել մամուլից այն խնդիրների հետ կապված, որոնք առնչվել են Մշակույթի նախարարությանը, այդ թվում և կոռուպցիայի առնչությամբ: Տեղեկացված եմ նաև, որ այն ամենը, ինչ վերջին շրջանում հրապարակվել է, հիմա դատախազությունում է և իրավապահ մարմինները ընթացք են տվել այդ գործընթացին: Խոսքը վերաբերում է հատկապես 2014-16թթ․ տեղի ունեցած չարաշահումներին: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ փոխնախարարներից մեկը՝ Արթուր Պողոսյանը, դիմում է գրել պաշտոնից ազատվելու կապակցությամբ, ինչը ես հաստատել եմ և շուտով կունենանք նոր փոխնախարար:
Հարց․ - Պատճառը ո՞րն էր:
Լիլիթ Մակունց․ - Միանգամից կմեջբերեմ իր խոսքը: Պարոն Պողոսյանն ինձ ասաց, որ անվերապահորեն չեմ վստահում իրեն և դա է պատճառը, որ դիմում է գրում: