Մատչելիության հղումներ

«Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող դրույթը առաջարկել եմ հետաձգել և լրամշակել․ Մանե Թանդիլյան


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջարկել է վարձու աշխատողների համար մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը։

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Թանդիլյանը տեղեկացրեց՝ ներկայացրել է գործընթացը մեկ տարով հետաձգելու նախագիծ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 1-ից կուտակային բաղադրիչին մասնակցությունը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։

Հիշեցնենք, որ երբ ընդունվում էր այս օրենքը, Թանդիլյանը «Դեմ եմ պարտադիր կուտակայինին» շարժման ամենաակտիվ մասնակիցներից էր:

«Ես ներկայացրել եմ հետաձգման նախագիծ: Քանի որ կան քննարկումներ, մենք որոշեցինք նախագիծ ներկայացնել Կառավարության քննարկմանը, թե որքանով է նպատակահարմար հետաձգել, և ապա այդ քննարկումները ծավալել հանրության հետ մեկտեղ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ առաջարկել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող դրույթը մեկ տարով հետաձգել և լրամշակել․ - «Հետաձգելու պատճառն այն է, որպեսզի տեսնենք, թե ինչ փոփոխություններ է հնարավոր այս պահին առաջարկել: Պետք է ասեմ, որ հանրությունը բավականին ակտիվ է, և կան գաղափարներ, որոնք իրենցից են հնչում, և արժանի են քննարկման»:

Լրագրողների խնդրանքով նախարարը պարզաբանեց․ - «Երբ որ ասում եմ հետաձգել, նշանակում է պարտադիր կոմպոնենտի մասին է խոսքը: Որը նշանակում է՝ պետք է ներառել քննարկման մեջ այնպիսի մարդկանց, ովքեր ունեն պատկերացումներ, իսկ այդպիսիք կան և շատ հետաքրքիր առաջարկներով, թե ինչպես կարելի է բարելավել համակարգը, որ ընդունելի լինի բոլորի համար»:

Անդրադառնալով նախարարությունում հայտնաբերված բազմաթիվ խախտումների մասին մամուլի հրապարակումներին՝ Թանդիլյանն ասաց․ - «Իրականում խախտումները տարբեր բնույթի են, և հենց այդ ուսումնասիրությունն է բավական ժամանակ պահանջում, և ես չէի ուզենա որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեղարկել: Այդ առումով հետաքննությունների առարկա են դառնում տարբեր հանգամանքներ: Պետք է ասեմ, որ բավական անանուն դիմումներ ենք ստանում․․․ այդ առումով շատ ավելի բարդ է: ԱԱԾ-ի հետ սերտ համագործակցում ենք, և տարբեր մարդկանց հետ, ովքեր կարողանում են տալ տեղեկատվություն: Ես նաև հրապարակել եմ հեռախոսահամար, որով կարելի է տալ այդ տեղեկատվությունը: Իրականությունը այն է, որ խնդիրները շատ-շատ են, և այստեղ համակարգային լուծում է պետք․․․ Ուղղակի պետք է ներդնել այնպիսի սխեմաներ, որ անկախ նրանից ով է նախարարը, անկախ նրանից ով է աշխատողը, այդ հնարավորությունները ուղղակի փակվեն»:

«Ազատության» հարցին, թե արդյոք իրենք բացահայտել և ԱԱԾ-ին փոխանցել են սխեմաներ, որոնցում ներգրավված են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, Մանե Թանդիլյանն արձագանքեց․ - «Հենց այս պահին են ընթանում գործեր․․․ և հենց այդ համակարգը իսկապես լուրջ վերափոխումների ու բարեփոխումների կարիք ունի․ դա բժշկասոցիալական փորձաքննության համակարգն է: Ձեզ լրացուցիչ տեղեկություններ կտանք, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, որովհետև խորքային աշխատանք ենք կատարել և փորձել ենք հասկանալ, թե ինչպես են հաշմանդամության կարգի հետ կապված այդ գործընթացները տեղի ունենում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG