Մատչելիության հղումներ

Հայաստանում տեղի ունեցածը «մտածողության հեղափոխություն էր»


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթներին Հայաստանում, մտածելակերպի հեղափոխություն էր:

Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում Պյոտր Սվիտալսկին միևնույն ժամանակ հավելեց, որ իշխանության ու հանրության առջև այս պահին մեծ մարտահրավերներ կան պահպանելու դրական փոփոխությունները․ - «[Հայաստանյան] վերջին զարգացումները գնահատելու համար դեռ պետք է սպասել, հավանաբար՝ անգամ թողնենք պատմաբաններին: Հավատում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցավ Հայաստանում, շատ խորն է: Խոսքը իշխանության փոփոխության, նոր դեմքերի, կառավարությունում քաղաքական գործիչների մասին չէ, խոսքը նաև սոցիալական, տնտեսական, կրթական քաղաքականությունների փոփոխության մասին չէ: Կարծում եմ, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերաբերում է մարդկանց մտածելակերպին, դա մտածելակերպի հեղափոխություն էր: Կարծում եմ, մարդիկ որոշեցին ազատագրվել անցյալի մտածողությունից, անցյալի սինդրոմներից: Կարծում եմ, սա խորն է, տևական: Շատ կարևոր էր երիտասարդների մասնակցությունը: Այն, ինչ տեղի ունեցավ երեք շաբաթ առաջ, խորն էր, այն թափանցեց մարդկանց միտքը: Մեծ մարտահրավերներ կան այս պահին՝ և՛ իշխանության, և՛ հանրության առջև, թե ինչպես պահպանել այս դրական փոփոխությունները, էներգիան, որը ճառագում է մարդկանցից»:

Երևանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի խոսքով, օտարերկրյա դիտորդներին ակնհայտ էր, որ հայաստանյան հանրության ներսում լուրջ դժգոհություն է կուտակվել, հանրությունը բավարարված չէր տնտեսական զարգացմամբ, դժգոհ էր աղքատության, գործազրկության բարձր մակարդակից․ - «Կարծում եմ, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում քաղաքական առումով շատ յուրահատուկ է, որովհետև Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամը լուծվեց խաղաղ կերպով, սահմանադրական շրջանակում, որը շատ լուրջ ուղերձ է աշխարհին: Խոսել եմ այդ գործընթացի բոլոր կողմերի հետ, և այդ ուղերձը ստեղծում է Հայաստանի շատ դրական իմիջ աշխարհում: Այն հուժկու մի ազդանշան է հայաստանյան հանրության համերաշխության, միասնության և քաղաքական հասունության մասին: Սա մի բան է, որը պետք է պահպանել»:

Անդրադառնալով առաջիկայում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Սվիտասլկին հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ ընտրությունների անցկացմանը․ - «Անշուշտ, պատրաստ ենք աջակցել, եթե նման հայտ լինի: Մենք չենք ինքնառաջադրվի, սակայն եթե նման հայտ լինի, մենք կշարունակենք աջակցել, ինչպես արդեն արել ենք: Հարցերը դյուրին չեն: Նախևառաջ այն պատճառով, որ մենք չգիտենք, թե խորհրդարանական ընտրությունները երբ կանցկացվեն: Այն, ինչ գիտենք, հետևյալն է՝ նոր Կառավարությունը և նրա շուրջ առկա քաղաքական ուժերը ցանկանում են առաջ գնալ և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց չգիտենք, թե որն է լինելու վերջնական որոշումը: Սակայն կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը, դոնորները, պատրաստ են աջակցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG