Մատչելիության հղումներ

«Երևան Սիթի»-ում ստուգումները ՀՀ-ում օրինականություն հաստատելու գործընթաց են». Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացվող ստուգումները Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց որակեց։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Փաշինյանը վերահաստատեց՝ վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։

Ազգային անվտանգության ծառայությունից այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել են, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ են իրականացնում՝ չմանարամասնելով նպատակը։

«Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որևէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա, և սրանում համոզված եղեք», - ասաց վարչապետը։

Նա բոլոր տնտեսվարողներին լրջանալու, պետության նկատմամբ պարտավորությունները կատարելու, նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկելու կոչ արեց․ - «Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան և պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ։ Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից: Ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ մեկը չմտածի, թե կարա պետությանը խաբի, ոչ մեկը չմտածի։ Ես բոլորին կոչ եմ անում, որ իրենք կամավոր գան էդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, և թող այդ ամեն ինչը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա։ Այո՛, ԱԱԾ-ն ինչ խնդիր դրվի, կլուծի էդ խնդիրը՝ շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»։

Անդրադառնալով Առաջին Հանրապետության տոնի առիթով կազմակերպված միջոցառումներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին չհրավիրելու մասին հայտարարություններին՝ Փաշինյանը ասաց, որ ցավալի թյուրիմացություն է եղել, մանրախնդրության որևէ տարր իրենց գործունեության մեջ չի լինելու:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը երեկ հայտարարել էր, թե խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը տոնակատարությանը հրավիրված է եղել միայն որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այլ ոչ թե որպես խորհրդարանի ղեկավար։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում պնդել էր՝ Բաբլոյանը հրավիրված է եղել և՛ որպես ԱԺ նախագահ, և՛ որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ:

Վարչապետն ասաց․ - «Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել: Ես կարծում եմ, անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է: Ես հասկանում եմ, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով քննարկել և լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, դեմքի ինչ արտահայտություն ունենալ: Ու քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնի, թե ով ինչ ասի, ով ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտությամբ լինի, էդպիսի թյուրիմացություններ կլինեն: Եվ համակարգը թերևս էն իրենցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու: Իհարկե, այդ տրամաբանությունը չպետք է գործի: Ընդհանուր առմամբ երեկվա միջոցառումների հետ կապված որոշակի խնդիրներ, իհարկե, կան: Այդ միջոցառումը, ընդհանուր առմամբ ընդունելի և հասկանալի լինելով, մի շարք դրվագներով ուղղակի անընդունելի բաներ կային և թյուրիմացություններ կային: Ես համոզված եմ, որ առաջիկայում կշտկվի: Համենայն դեպս համոզված եղեք, որ այդ մանրախնդրության որևէ էլեմենտ մեր գործունեության մեջ չի լինելու»:

Նիկոլ Փաշինյանն խորհրդարան էր եկել՝ մասնակցելու հանձնաժողովներում մեկնարկած անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությանը: Ընդ որում, Փաշինյանի ղեկավարած կաբինետի անդամները ոլորտ առ ոլորտ պետք է պատասխաններ տան Կարեն Կարապետյանի կառավարության արած-չարածի համար:

Փաշինյանը այսօրվա քննարկումններից դուրս եկավ հենց Խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ: Արդյո՞ք նրա հրավերի հարցով քննարկում եղել է, մանրամասներ չփոխանցեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG