Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։
Համալսարանի դիմաց հավաքված ուսանողները նաև պահանջում են հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ուսխորհրդի և արհմիության գործունեության կասեցում։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ համալսարանն ուսանողակենտրոն չէ, և այսպես շարունակվել այլևս չի կարող։
«Մենք մոտ մեկ ամիս սպասեցինք հույսով, որ համալսարանում տեղի կունենան որոշակի բարեփոխումներ, նախաձեռնություն կլինի ղեկավար կազմի կողմից, հայտարարություններ կլինեն՝ ուսանողներին աջակցելու, ողջունելու, բայց հակառակ պրոցեսը տեղի ունեցավ. մենք շարունակում ենք ուսանողներից, դասախոսներից ստանալ զանգեր, ովքեր նշում են, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են ցույցերին, մեղմ ասած, լավ վերաբերմունքի չեն արժանանում։ Սրան գումարած հաշվի առնելով նաև ԵՊՀ-ում այսօր առկա բազմաթիվ խնդիրների առկայությունը՝ սկսած կրթական որակ, ակադեմիական ազատություն, կառավարման թափանցիկություն, ռեսուրսների ոչ արդյունավետ ծախսում, որը կարելի է նույնիսկ որակել վատնում, այլ բան մեզ չի թողնում, քան պահանջել ղեկավար կազմի հրաժարականն, այդ թվում՝ ռեկտորի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ իրազեկման երթով կանցնեն ԵՊՀ-ի բոլոր մասնաշենքերի մոտով։
Մանրամասները՝ քիչ անց