Մատչելիության հղումներ

Ադրբեջանում այսօր տեղի կունենա «Հարավային գազային միջանցքի» բացումը


Այսօր Ադրբեջանում տեղի կունենա «Հարավային գազային միջանցքի» բացման հանդիսավոր արարողությունը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միջանցքը շահագործման հանձնելու դեպքում ակնկալվում է Կասպիական ավազանում արդյունահանված գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական շուկաներ:

Ինչպես երեկ հայտարարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Հարավային գազային միջանցքի» իրագործումը Ադրբեջանի համար «պատմական մեծ հաղթանակ է»։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի գազային պաշարները կբավականացնեն առնվազն 100 տարի՝ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ այն երկրներին, որոնք այդ ոլորտում համագործակցում են Բաքվի հետ։

«Սակայն չնայած այդ հանգամանքին, մենք պետք է առաջ նայենք, մենք պետք է ապահովենք մեր երկրի համար կայուն երկարաժամկետ զարգացում, այդ հարցում մենք ունենք հստակ մտքեր և գաղափարներ», - հավաստիացրել է Ադրբեջանի ղեկավարը՝ կարծիք հայտնելով, թե էներգետիկ անվտանգության հարցում Ադրբեջանը դարձել է կարևոր երկիր ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում։

Շուրջ երեքուկես հազար կիլոմետր երկարությամբ ձգվող «Հարավային գազային միջանցքը», որի արժեքը կազմում է ավելի քան 40 միլիարդ դոլար, կառուցվում է արդեն իսկ գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին զուգահեռ:

Ադրբեջանով անցող խողովակաշարը Վրաստանի Գարդաբանիի շրջանում կմիանա պոմպակայանին, և արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարով Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կտեղափոխվի Թուրքիա, այնտեղից էլ՝ եվրոպական երկրներ։ Այս նախագիծը Եվրամիությունը համարում է այլընտրանք ռուսաստանյան գազին։

«Տնտեսական հարաբերություններն ընդարձակելուց առաջ Եվրամիության ղեկավարությունը պետք է պաշտոնական Բաքվից պահանջի անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստներին, բարեփոխել օրենսդրությունը՝ հնարավորություն տալով, որ քաղաքացիական հասարակությունն անարգել աշխատի, ինչպես նաև դադարեցնի հարձակումներն ազատ լրագրողների ու մամուլի նկատմամբ, պայքարի կոռուպցիայի դեմ», - նշում են արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG