Մատչելիության հղումներ

Լոռիում հնարավոր մարզպետի բազմաթիվ անուններ են շրջանառվում, բայց «պաշտոնական քննարկումներ չեն եղել»


Տեսարան Լոռու մարզից, արխիվ
Տեսարան Լոռու մարզից, արխիվ

Կառավարությունից դեռևս չեն շտապում նոր մարզպետների անուններ նշել։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա օրերին նշանակումներ կլինեն, նաև պնդելով, որ նոր մարզպետների հետ կապված՝ կառավարությունում քննարկումներ դեռևս չեն եղել։

«Անձեր նշել չեմ կարող այս պահին, բայց հավատացեք՝ գերակշռելու է երիտասարդությունը։ Մենք մարզերում ունենք համապատասխան կադրեր, մեր քաղաքական գործընկերները, նաև շարժման անդամ որոշ մարդիկ, պարզապես ընտրության խնդիր է: Տեսնենք, որոշում դեռ չունենք ուղղակի։ Կավարտենք տոնական միջոցառումները և կանդրադառնանք դրան»,- «Ազատությանն» ասել է նախարարը։

Թեև նա անուններ չի հրապարակել, բայց նշել է այն սկզբունքները, որոնց հաշվառմամբ են տեղի ունենալու կառավարության մարզային ներկայացուցիչների նշանակումները։ «Մարզպետներ լինելու են այն մարդիկ, որոնց գործունեությունը և որոնց էությունը համապատասխանում է Հայաստանի նոր որակի պաշտոնյայի կարգավիճակին»,- ասել է Սուրեն Պապիկյանը։ Նախարար նշանակվելուց հետո իր հարցազրույցներում նա մարզպետներին համեմատել էր բդեշխների հետ, որոնք հին Հայաստանում կալվածատեր-ազնվականներ էին։

«Այսուհետ նոր Հայաստանում չեն կարող լինել արտոնյալ մարդիկ։ Չեն կարող լինել իշխանության հովանավորյալներ, այլապես մեր հեղափոխությունը ոչ մի իմաստ չէր ունենա։ Մենք չենք եկել՝ ընդամենը փոխարինելու նախորդ պաշտոնյաներին ու շարունակելու՝ հովանավորել այլ անձանց։ Ո՛չ: Այսօր մենք բերում ենք նոր որակի, նոր մտածողությամբ իշխանություն, և լինելու են նոր որակի պաշտոնյաներ։ Այսինքն՝ պաշտոնյան պիտի հասկանա, որ ինքը չի կարող ունենալ բիզնես, ինքը չի կարող լինել որևէ մեկի հովանավորը, այսպես կոչված, տանիք, քանի որ դա օրենքով պատժելի է»,- նաև ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարը։

Ներկայումս իր պաշտոնը լքել է միայն Շիրակի մարզպետ, դաշնակցական Արթուր Խաչատրյանը, ով նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր ասաց, որ իր հրաժարականի դիմումն արդեն ներկայացրել է կառավարություն, բայց դեռ կատարում է մարզպետի պարտականությունները։ Նշեց նաև, որ աշխատանքից հեռանալու պահանջներ վերադասից չի ստացել։

«Նման բաներ երբևէ չեն եղել, բայց ես ինքս իմ դիմումը ներկայացրել եմ: Դեռ չի հաստատվել: Ես այսօր միջոցառմանը ներկա եմ՝ որպես Լոռու մարզպետ»,- «Ազատությանն» ասաց Արթուր Նալբանդյանը։

Լոռու մարզում հնարավոր մարզպետի տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ ինչպես կուսակցականների, այնպես էլ ոչ քաղաքական դեմքերի: Վերջիններս, սակայն, պնդեցին, որ իրենց առաջարկներ չեն արվել, այդ թեմայով քննարկումների էլ չեն մասնակցել։ «Քաղաքացիական պայմանագրի» և գործընկեր կուսակցությունների մարզային կառույցներից ևս «Ազատությանը» հայտնեցին, որ մարզպետի թեկնածության հարցով քննարկումներ չեն ունեցել։

Երեկ Լոռու մարզի Դեբեդ համայնքում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ նախկին ու գործող մարզպետներն աշխատանքից ազատվելով, չեն ազատվի պատասխանատվությունից, եթե նրանց գործունեության ստուգումների արդյունքում խախտումներ հայտնաբերվեն։

«Ես ուզում եմ վստահեցնել բոլոր համայնքապետերին և մարզպետներին՝ նախկին և ներկա, որ մենք ուշադիր, մանրադիտակով զննելու ենք բոլոր նախկին ծախսերը, աուդիտի ենք ենթարկելու բոլոր նախկին նախաձեռնությունները: Եվ որտեղ որ լինեն խնդիրներ, մենք այդ խնդիրներն արձանագրելու ենք և պատշաճ կերպով այդ գործընթացը շարունակելու ենք»,- ասել էր Ավինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG