Մատչելիության հղումներ

Բրիջիթ Բրինք․ «Ինձ ոգևորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը»


ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինք, արխիվ
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինք, արխիվ

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը մայիսի 27-28-ը այցելել էր Հայաստան՝ հանդիպումներ ունենալու նոր կառավարության և քաղաքացիական հասարակության հետ, հաղորդում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր առաջին հանդիպման ընթացում Բրիջիթ Բրինքը շնորհավորել է նրան այդ պաշտոնում ընտրվելու և իշխանության խաղաղ փոխանցման համար: Նա ողջունել է վարչապետի ստանձնած հանձնառությունը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, և առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հակակոռուպցիոն աշխատանքներում, ասված է հաղորդագրությունում:

Պետքարտուղարի փոխտեղակալն արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննության է առել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել նոր կառավարության հետ՝ երկկողմ կապերի ամրապնդման և դեպի Հայաստան հավելյալ ամերիկյան ներդրումների ներգրավման ուղղությամբ: Բրինքը նկատել է, որ Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը կարող է հարթակ հանդիսանալ նպատակների փոխադարձ առաջխաղացման հարցում իրական տեղաշարժեր ապահովելու համար:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը և կողմերի հետ ակտիվորեն աշխատելու է Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Բրիջիթ Բրինքը գովեստով է արտահայտվել վերջին շրջանի բողոքի ակցիաների խաղաղ հանգուցալուծմանը նպաստելու նրա ջանքերի մասին: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է գործակցել Հայաստանի կառավարության հետ այնպիսի ծրագրերի շրջանակում, որոնք Հայաստանի ժողովրդի համար ձևավորում են տնտեսական հնարավորություններ, ամրապնդում են ժողովրդավարական հաստատությունները և բարելավում կենսամակարդակը:

«Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան, և այս այցի ընթացքում էլ այն կրկին աչքի ընկավ իր ամենաազդեցիկ ու ամենակարևոր ռեսուրսով՝ իր մարդկանցով: Ինձ ոգևորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը, և ես հատկապես տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով, ովքեր այսպիսի մեծ նվիրումով ու ջանասիրությամբ ձգտում են կերտել իրենց երկրի պայծառ ապագան», - ասել է Բրիջիթ Բրինքը երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում:

«Պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքը իր շնորհավորանքներն է հղում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ», - ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG