Բացելով Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթը՝ վարչապետն ընդգծեց, որ Սարդարապատի հաղթանակից ուղիղ մեկ դար անց 2018-ի ապրիլ-մայիսի հաղթանակով Հայաստանում հաստատվել է ժողովրդի իշխանություն․ - «Այդ հաղթանակը նույնքան անհնար էր թվում, և շատերը մինչև օրս հարց են տալիս, թե ինչպես դա պատահեց և ինչու: Պատասխանը հետևյալն է՝ հայ ժողովուրդը հերթական անգամ հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա, հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն, վստահեց իր ուժերին և ապագային»:
ժողովրդական շարժմամբ 20 օր առաջ վարչապետ դարձած Փաշինյանի խոսքով՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին, «հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության ամենափառապանծ էջը»․ - «Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքի վրա: Այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի: Եվ Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ: Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը»:
Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրում «Հաղթանակի դար» անունով զինվորական շքերթի ընթացքում վարչապետ Փաշինյանին ուղեկցում էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը․ - «Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը: Փա՜ռք Հայաստանի զինված ուժերին: Ուռա՜»:
Առաջին Հանրապետության 100-ամյա տոնին մասնակցում էին նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Այդուհանդերձ, ի տարբերություն նախորդ տարիների, կարևորագույն տոնական արարողությանը ներկա չէր օրենսդիր իշխանության ղեկավար՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Ազատության» հետ զրույցում խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն ասաց, որ Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները չեն հրավիրվել, իսկ Արա Բաբլոյանը ստացել է հրավեր խորհրդարանի Հանրապետական խմբակցությանը հատկացված երեք պատգամավորների շարքում։ Այս դեպքում, ըստ Բաբլոյանի, իշխանության օրենսդիր ճյուղի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք։
Ի տարբերություն Ազգային ժողովի «Ելք» և «Դաշնակցություն» խմբակցությունների ղեկավարների՝ տոնական միջոցառմանը ներկա չէր «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Երկրի ղեկավարության կողմից նորագույն ռազմատեխնիկայի նմուշներին ծանոթանալուց հետո կործանիչ ինքնաթիռների թռիչքով մեկնարկած զինվորական շքերթին ցուցադրվեցին հայկական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ 100 տարի առաջ մայիսյան հերոսամարտերի մասնակից ուժերի նմանությամբ զինվորական խմբեր:
Տոնական շքերթով ներկայացվեցին նաև հայ-ռուսական միացյալ զորամիավորման մաս կազմող Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի զորաջոկատներ: Մասնակցում էին նաև արտերկրում խաղաղապահ առաքելության շրջանակներում Հայաստանի գործընկեր ամերիկյան ու եվրոպական երկրների ներկայացուցիչ զորամիավորումները:
Չնայած, որ ռազմատեխնիկայի մեծածավալ ցուցադրում չեղավ, մեծ թվով քաղաքացիներ, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, եկել էին Սարդարապատի հուշահամալիր: