Մատչելիության հղումներ

Ֆրանսիական հեղինակավոր հանդեսը Էրդողանին բռնակալ է որակում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Էրզրումում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, 26-ը մայիսի, 2018թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Էրզրումում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, 26-ը մայիսի, 2018թ․

Ֆրանսիական Le Point հեղինակավոր հանդեսը իր վերջին համարում ընդարձակ անդրադարձ է կատարել Թուրքիային։ Պարբերականը ներկայացրել է Թուրքիայի այսօրվա իրադրությունը նախագահ Ռեջիփ Էրդողանի ղեկավարության ներքո, որին որակել է իբրև «բռնակալ»։ Այս որակումը նաև տեղ է գտել շաբաթաթերթի կազմին՝ Էրդողանի լուսանկարի վերևում։

Le Point-ի այս քայլը վրդովեցրել է Ֆրանսիայի թուրքական համայնքի անդամներից ոմանց, որոնք համաձայն չլինելով Էրդողանին տրված «բռնակալ» որակմանը՝ ցանկացել են լրագրավաճառներին կից ցուցափեղկերից հանել պարբերականի տվյալ համարի մեծադիր ծանուցումները։

Գործողությունը սկսվել է Ավինյոն հարավային քաղաքում, ուր էրդողանամետ թուրքերի մի խումբ հանել է ծանուցումը սեփական ուժերով, ապա պատասխանատու անձանց կողմից ծանուցումը ցուցափեղկում վերականգնվելուց հետո դիմել է քաղաքապետարանի միջնորդությանը։ Քաղաքապետարանը բացատրել է, սակայն, որ չի կարող զիջել նրանց պահանջին՝ խոսքի ազատությունը հարգելու պատճառով, ստեղծվել է լարված իրադրություն, ապա, ի վերջո, թուրքական համայնքի ճնշման տակ ծանուցումը հանվել է։

Վալանս քաղաքում Էրդողանին բռնակալ որակող մեծադիր ծանուցումը պատռել են թուրքական համայնքի ներկայացուցիչները։ Շտապ ժամանել է ոստիկանությունը, որը միջամտել է և դիմել մի շարք ձերբակալությունների ծանուցման դեմ բողոքների շարքերում։ Ծանուցումները կրկին տեղադրված են ցուցափեղկերում, իսկ ոստիկանությունը շարունակում է հսկողությունը լրագրավաճառ կրպակների առջև:

Այս՝ բնույթով աննախընթաց միջադեպը չհապաղեցին դատապարտել երկրի քաղաքական մի շարք պատասխանատուներ և առաջին հերթին Բուշ դյու Ռոնի պատգամավոր Վալերի Բուայեն՝ համարելով այն անթույլատրելի միջամտություն Ֆրանսիայի քաղաքական կյանքի և խոսքի ազատության հանդեպ:

Դատապարտմամբ է հանդես եկել նաև Հայ դատի պաշտպանության Ֆրանսիայի հանձնախումբը: Վերջինը Armenews կայքում այսօր հրապարակված հատուկ հաղորդագրությունում նշել է, որ ֆրանսիական մամուլի ժամանակակից պատմության մեջ աննախընթաց այդ միջադեպը պետք է մտահոգի խոսքի և մամուլի ազատության բոլոր պաշտպաններին:

Եվ մինչ հունիսի 7-ից Ֆրանսիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունը կկազմակերպի Ֆրանսիայի թուրքերի քվեարկությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում, Հայ դատի պաշտպանության հանձնախումբը ակնկալում է ֆրանսիական կառավարությունից, որ նա անմիջապես միջոցներ կձեռնարկի և կարգելի Էրդողանի կուսակցության քարոզարշավը Ֆրանսիայում, այսինքն՝ կհետևի Գերմանիայի և Նիդերլանդների իշխանությունների օրինակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG