Մատչելիության հղումներ

«Նորֆոլկի» տնօրենը, գլխավոր հաշվապահը և հաշվապահական ծառայության ղեկավարը կալանավորվել են


«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրենի առանձնատնից առգրավված գումարը, արխիվ
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրենի առանձնատնից առգրավված գումարը, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ կալանավորվել են «Նորֆոլկ» ընկերության գլխավոր տնօրեն՝ 51-ամյա Արմեն Ունանյանը, ընկերության գլխավոր հաշվապահ՝ 32-ամյա Տիգրան Զոհրաբյանը և ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար՝ 27-ամյա Սիմոն Առաքելյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն օրերս հայտարարեց, թե բացահայտվել է հանցավոր սխեմա, որի միջոցով «Նորֆոլկ» ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Նախնական հաշվարկներով՝ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, ԱԱԾ-ի պնդմամբ, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներ:

«ՆորՖոլկի» այսօր կալանավորված տնօրեն Արմեն Ունանյանի փաստաբան Սամվել Անդրեասյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրնեսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՝ օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը: Փաստաբանն առայժմ չի պատասխանում հարցին՝ արդյո՞ք Ունանյանն ընդունում է մեղադրանքը:

Մինչդեռ, ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանի և հաշվապահական ծառայության ղեկավար Սիմոն Առաքելյանի փաստաբան Արմեն Անդրիկյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իր պաշտպանյալներին ներկայացված մեղադրանքներն անհիմն են, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունն այդպես էլ չի հիմնավորվել, թե ինչպես են նրանք աջակցել հարկեր տուրքեր վճարելուց խուսափելու գործընթացին: Հետևաբար, փաստաբանի խոսքով, նրանք չեն ընդունում ներկայացված մեղադրանքը: «Մեր կարծիքով [մեղադրանքն] ամբողջությամբ անհիմն է: Այս պահին կալանավորման որևէ պայման առկա չի եղել»,- ասաց Անդրիկյանը:

Զոհրաբյանն ու Առաքելյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելուց խուսափելուն օժանդակելը: Նշենք, որ գործով 4 րդ ձերբակալված անձը՝ Մարինե Մկրտչյանը, փաստաբան Արմեն Անդրիկյանի փոխանցմամբ, ստորագրությամբ ազատ է արձակվել: Մարինե Մկրտչյանը «Նորֆոլկի» գանձապահն է:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հայտարարեց, թե կոռոպիցայի դեմ պայքարի շրջանակներում առաջիկա օրերին նոր բացահայատումներ են լինելու: «Բոլոր ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները կպատժվեն»,- հավաստիացրեց ԱԱԾ տնօրենը:

Արթուր Վանեցյան, արխիվ
Արթուր Վանեցյան, արխիվ

Հարցին՝ կոռոպցիայի դեմ անզիջում պայքարի շրջանակներում կլինե՞ն արդյոք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ, Արթուր Վանեցայնը հարցով պատասխանեց․ «Ո՞ւմ են լրագրողները բարձրաստիճան պաշտոնյա համարում»: Հարցին էլ՝ ՊԵԿ-ի հետ առնչություն ունեցող կոռուպցիոն սխեմայի բացահայտման գործով հարցաքննության կկանչվե՞ն, օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ամեն ինչ հնարավոր է, նախաքննություն է ընթանում:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ կոռուպցիոն սխեմաները նո՞ր են բացահայտվել, թե դրանք գործել են նաև նախկինում, և ինչու՞ ԱԱԾ տնօրենը, ով երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել համակարգում, չի կարողացել բացահայտել այդ ամենը, Վանեցյանը պատասխանեց, թե ինքն աշխատել է այլ ուղղությամբ, իսկ համակարգի մասին կարող է խոսել և պատասխանատվություն կրել 2018 թվականի մայիս 10-ից հետո, երբ նշանակվեց ԱԱԾ տնօրեն։

«Իմ աշխատանքի ոլորտը չի եղել այդ սխեմաների բացահայտումը: Ես աշխատել եմ այլ ուղղությամբ և չեմ կարող պատասխանել: Իհարկե, [սխեմաները] եղել են վաղուցվանից, որովհետև դա երևում է՝ առնվազն մեկուկես տարի, եթե ոչ ավել»,- լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրենը:

Մովսես Հակոբյան, արխիվ
Մովսես Հակոբյան, արխիվ

Ի դեպ, Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ի ստուգումները հասնեն նաև պաշտպանության ոլորտ, որը նույնպես զերծ չէ կոռուպցիոն ռիսկերից, ասաց, թե այդ «մտահոգություններն» անտեղի են ու առաջիկայում կփարատվեն։

Ինչ վերաբերում է հենց իր մտավախություններին, ապա ռազմական տեսուչը վստահեցրեց․ «Ինձ մոտ ընդհանրապես վախի չիպը հանած է»:

Դավիթ Սանասարյան, արխիվ
Դավիթ Սանասարյան, արխիվ

Հավելենք՝ Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում առաջնահերթ ոլորտը, որտեղ ուսումնասիրություններ է սկսելու, Երևանի պետհամալսարանն է, պետական մյուս բուհերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG