Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ ՀՀԿ-ի կամքից․ փոխվարչապետ


«Ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և այդ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ Հանրապետականի կամքից», այսօր Լոռու մարզի Դեբեդ գյուղում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էր փոխվարչապետից, թե ինչպե՞ս են պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այն դեպքում, երբ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը շարունակում է բացառել դրա հավանականությունը։

«Ես կարծում եմ, որ հանրապետականներն իրավիճակը ճիշտ չեն գնահատում», - հավելեց փոխվարչապետը։

Հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե հունիսի 7-ին Ազգային ժողովն ընդունի կառավարության ծրագիրը, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ կընտրեն խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու այլ մեխանիզմ, «որի մասին կհայտարարեն ավելի ուշ»։

«Բոլոր մարզպետները, առանց բացառության, փոխվելու են»

Փոխվարչապետը ևս մեկ անգամ հաստատեց կառավարության դիրքորոշումը, որ բոլոր մարզպետները, առանց բացառության, փոխվելու են, չնայած դեռևս անուններ չեն հրապարակում։

Այն, որ հատկապես խոշորացված համայնքներում ղեկավարները Հանրապետական կուսակցության անդամներ են, կառավարության ղեկավարներին չի մտահոգում։

«Ես կարծում եմ՝ այս ընտրություններին ժողովրդից բացի, որևէ այլ ուժ չի կարող եղանակ ստեղծել։ Այս ընտրությունները լինելու են ժողովրդի կողմից վերահսկվող ընտրություններ» - հայտարարեց փոխվարչապետը։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա Տիգրան Ավինյանը շեշտեց, որ դա անխուսափելի է և շեշտը դրվելու է հատկապես ռեյտինգային համակարգին։

«Ընտրական օրենսգիրքը փոփոխվելու է, և ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ռեյտինգային համակարգ չպետք է գործի», - ասաց փոխվարչապետը։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի փաթեթի վրա արդեն աշխատանքային խումբ է աշխատում։ Ծրագրվում է, որ մինչև հունիսի վերջ այն արդեն պատրաստ կլինի։

«Ազատության» հարցին, թե իրատեսական չի՞ համարում, որ աշնանը տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանել էր․ - «Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022 թվականի Ազգային ժողովի ընտրություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG