Այսօր կեսօրից «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները երկու ժամ շարունակ փակ պահեցին Գյումրի-Երևան մայրուղին, այնուհետև ավտոերթով շարժվեցին Գյումրի ու փակեցին Գյումրիի Սայաթ-Նովա փողոցը:
Ակումբի երկրպագուները, Ֆուտբոլի ակադեմիայի սաներն ու նրանց ծնողները պահանջում էին «Շիրակ»-ին վերդարձնել, իրենց բնորոշմամբ, խլած չեմպիոնությունը:
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմում էր ստացել «Բանանց» ակումբից, ըստ որի, ֆուտբոլիստներից մեկին «Շիրակ»-ի մարզիչ Արարատ Հարությունյանը տրամադրել է հազար դոլար կանխավճար և չորս հազար դոլար վճարելու խոստում՝ մայիսի 5-ին կայանալիք խաղում «Շիրակ»-ի հաղթանակին նպաստելու համար:
Ֆեդերացիան ոչ միայն մարզչին ցմահ հեռացրեց ֆուտբոլից, այլև 7 միլիոն դրամով տուգանեց ակումբին ու զրկեց 12 միավորից, ինչն այդ թիմին զրկեց Հայաստանի առաջնությունում հաղթելու հնարավորությունից։
«Շիրակ»-ի ղեկավարությունը պնդում է, որ տեղյակ չի եղել այդ գործարքից։ 12 միավորը հետ վերդարձնելու պահաջով էին այսօր Շիրակի երկրպագուները փակել հանրապետական նշանակության մայրուղին:
«Մեր 12 միավորը խլել են մեր ձեռքից, հիմա մենք ուզում ենք «Շիրակ» ակումբի քրտինքը հետ բերել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։
Հավաքվածները պահանջում էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, քանի որ, ըստ նրանց, Հայրապետյանն անտեսել է նույնիսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Շիրակ» ակումբի հայցը և արգելել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որևէ գործողություն իրականացնել ակումբի միավորները նվազեցնելու ուղղությամբ:
Ֆեդերացիան, սակայն, անտեսելով դատարանի որոշումը «Շիրակ»-ի միավորնը 12-ով նվազեցրեց ու թիմը հայտնվեց 4-րդ հորիզոնականում:
Ակումբի երկրպագուները նաև պահանջում են, որ Հայրապետյանը բացատրի, թե ինչո՞ւ է անտեսում դատարանի որոշումը:
«5 հազար հոգի հիմա հավաքված ուզում են պարոն Հայրապետյանի և Ֆուտբոլի ֆեդերացիայի անձնակազմի հրաժարականը, որովհետև իրենք այս քայլով անտեսել են «Շիրակ»-ի երկրպագուներին։ «Շիրակ»-ի երկրպագուները ցանկացած խաղին հասել են տարբեր մարզադաշտեր, տարբեր տեղեր, 12 միավորը ձեռք են բերել քրտինքով ու հիմա մի հոգի դեմ է դուրս եկել դատարանին, հաշվի չի առել, որ դատարանը չեղյալ է համարել այդ որոշումը։ Ինքը որոշել է, որ այս տարի «Շիրակ»-ը չպետք է չեմպիոն լինի։ Ըստ իս, ինչպես իրենք են ասում, եղել է խաղի պայմանավորվածություն, բայց կոնկրետ գործարք չի եղել, ես էդքան նայել եմ, կարդացել եմ, կոնկրետ գործարք չի եղել։ Դա երկրպագուների խնդիրը չէ, դա անհատական մարդու խնդիր է, էդ մարդիկ համապատասխան պատիժը կրել են, այսինքն՝ մարդը ցմահ զրկվել է ֆուտբոլային գործունեությունից։ Եթե մի հոգի խնդիր ունի, չի կարելի ամբողջ Շիրակի մարզին զրկել չեմպիոնությունից։ Ու հիմա ակումբը փակվում է, երկրպագուներն էլ գնալու են մինչև վերջ», - ասաց երկրպագուներից մեկը։
Ակումբի երկրպագուները պատրաստվում են երթով հասնել նաև Երևան:
«Շիրակ» ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ պատրաստվում են առաջակիայում դիմել Լոզանի արբիտրաժային դատարան: