Մատչելիության հղումներ

Գլխավոր շտաբի պետը իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ֊ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմայի բացահայտմանը, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ֊ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմայի բացահայտմանը, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է, որ այդ գումարները ետ կբերվեն բյուջե, վարչապետ Փաշինյանը պատասխանեց. ֊ «Ուրիշ տարբերակ չկա, բա էդ բացահայտումները ինչի՞ համար են»։

«Ազատության» հաջորդ հարցին, թե կարծո՞ւմ է արդյոք, որ ԱԱԾ֊ի բացահայտած այս հանցավոր սխեման հնարավոր էր առանց նախկին վարչապետի և ՊԵԿ նախագահի իմացության, վարչապետը կարճ պատասխան տվեց. ֊ «Ես ոչ մի մեկնաբանություն չեմ անի, որը կարող է մեկնաբանվել որպես նախաքննությանը ուղղորդելու փորձ։ Նախաքննությունը ընթանում է և կտա բոլոր հարցերի պատասխանը։ Կարծում եմ որևէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են և քննությունը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները»։

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման շուրջ հնչեցված քննադատությանը։ Մասնավորապես, Արթուր Աղաբեկյանը ասել է, որ ինքը շատ լավ ծանոթ է Արտակ Դավթյանին և իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ «ամեաանպատրաստ կադրը նշանակվել է ամենապատասխանատու» պաշտոնին։ Փաշինյանն արձագանքեց. ֊ «Ես կարծում եմ, որ Արտակ Դավթյանը՝ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար է, Հայաստանի զինված ուժերի գեներալ֊մայոր և դրանով ամեն ինչ ասված է։ Այդ մտահոգություններին վերաբերվում եմ հետևյալ կերպ, որ՝ շտաբի պետը իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները»։

Նշենք, որ Փաշինյանն այսօր Դիլիջանում մասնակցում էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը։

Դպրոցի հիմնադիրներից՝ բարերար, ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը, պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյո՞ք ի սկզբանե սատարում էիք Նիկոլ Փաշինյանին, պատասխանեց. ֊ «Ոչ, ես իրավունք չունեմ, իմ կարծիքով, որպես ոչ Հայաստանի քաղաքացի, սատարելու որևէ մեկին։ Եվ ես իմ ընկերների հետ միասին՝ Նուբար Աֆեյանի, Պիեռ Գյուրջյանի, Գագիկ Ադիբեկյանի հետ արել ենք անելու ենք՝ անկախ այն բանից, թե ով է լինելու՝ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը։ 15 տարի է արդեն արել ենք և անելու ենք, որովհետև մենք ուզում ենք, որ մեր երեխեքը, որ այստեղ մեծանում են, մնան Հայաստանում և երջանիկ լինեն։ Դրա համար մի փոքր ուրիշ կերպ ենք նայում այդ ամեն ինչին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG