Մատչելիության հղումներ

Դպրոցի հանրապետական տնօրենն ասում է՝ անհամբեր սպասել են իշխանափոխությանը


Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի հանրապետական տնօրեն Լյովա Բարոյանն ասում է՝ իշխանափոխությանն անհամբեր են սպասել և վստահ եղել, որ մի օր լինելու է։

«Սա երազանք էր, որ էսօր իրականություն ա դառնում, և ես դրա համար շատ ուրախ եմ։ Ես մենակ հո իմ մասին չէի մտածում։ Ես երեխաներ ունեմ, թոռներ ունեմ, ես անհանգիստ էի», - «Ազատության» հետ զրույցում պատմում է նա: - «Ես միշտ շատ լավատես եմ եղել, բայց արդեն վերջին ժամանակներս ես ինքս էի իմ երեխաներին ասում՝ ինչ-որ բան մտածեք, գնացեք, ստեղ մնալու չի, երկիր չի։ Բայց էսօր ոգևորված ենք բոլորս և հույսներս կապում ենք մեր երկրի հետ»:

30 տարվա տնօրենն ասում է՝ կարողացել է դպրոցում իրագործել կրթական բարեփոխումների իր ծրագրերը, բայց քանի դեռ Հանրապետական կուսակցության անդամ չէր, դժվարություններ է ունեցել։ Սեփական ուժերով ծրագրեր է ներկայացրել միջազգային կառույցներին, դրամաշնորհներ շահել, բայց իշխանություններին դա դուր չի եկել և խանգարելու փորձեր են եղել․ - «Հետագայում ես կուսակցության անդամ դարձել եմ, էդ էլ շատ անկեղծ ու պարզ ասեմ, որպեսզի իմ գործունեությանը չխանգարեն։ Մինչ դա, ասենք, ճնշումներ բան լինում էր, ես չէի կարողանում, ինչ գաղափարներ, որ ունեմ կրթության բնագավառում, առաջ տանեմ։ Դա ինձ օգնեց էդ առումով, ինձ չխանգարեցին։ Օրինակ, մասնակցում էի կրթական ծրագրերի, մեկ էլ՝ մինչև մենք թույլ չտանք, որևէ բանով չզբաղվեք, բան, այսպիսի բաներ կար։ Դուք գիտեք՝ անցած տարի ինչ կատարվեց. Ինձ ազատել էին, նորից ես հասարակության ճնշման տակ վերականգնվեցի»:

Լյովա Բարոյանը դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթից առաջ ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել։ Դա, ըստ Բարոյանի, իրեն զրկելու էր տնօրեն վերընտրվելու իրավունքից, քանի որ տնօրենի մրցույթներն ամբողջ հանրապետությունում ձևական բնույթ են կրել․ - «Եթե իրականում մրցույթ չի լինում, ասենք, թափուր տեղ ա, մի հոգի ա մասնակցում, դա արդեն ասում ա՞, որ էն մրցույթը չի։ Ես կարող էի մասնակցել, բայց գիտեի, որ արդեն չեմ անցնի, չէ՞»:

Վանաձորի մեկ այլ՝ թիվ 6 դպրոցի տնօրեն Նազելի Ասատրյանը հակադարձում է տեսակետին, թե տնօրենի պաշտոնի համար տեղի ունեցող մրցույթները ձևական են։ Ասատրյանը, որ Լոռու մարզի նախկին դատախազի կինն է, տնօրեն է դարձել մեկ տարի առաջ, մրցույթով, բայց առանց մրցակցի։

«Մրցույթը կայացել է շատ նորմալ պայմաններում։ Կառավարման խորհուրդը ինչպես եղել ա նախկինում, նույն մարդիկ են ընդգրկված եղել։ Այդ պահին որևէ մեկը չկար, որ ցանկանար լինել այդ պաշտոնում։ Մինչ այդ էլ ես այլ դպրոցներում մասնակցել եմ և չեմ ընտրվել, ճիշտն ասած, մրցակիցներ ունեցել եմ և չեմ անցել», - պատմում է նա:

Նազելի Ասատրյանը ևս նշում է՝ տնօրեն դառնալուց անմիջապես հետո անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը։ Պահանջ է եղել, ասում է թիվ 6 դպրոցի տնօրենը․ - «Եթե իշխող կուսակցությունը հենց հանրապետական կուսակցությունն է եղել, էդ պահին, ինչպե՞ս ասեմ, պահանջները դա են եղել»:

Կուսակցական պարտականություններից ազատված տնօրեններն ու ուսուցիչները հետևում են նոր ձևավորված կառավարության հայտարարություններին ու սպասում, որ արդեն հաջորդ ուսումնական տարվանից կրթական լուրջ բարեփոխումներ կլինեն ոլորտում։ Թիվ 10 ավագ դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Աղուզումցյանը դպրոցների հնարավոր միավորման և ուսուցիչների նոր կրճատումների մասին դեռ ամիսներ առաջ իրեն հասած լուրերից մտահոգ է։ Նաև այլ խնդիրներ է առաջ քաշում․ - «Դպրոցի ֆինանսավորման կարգը փոփոխության ենթարկվի, որպեսզի քիչ թվով աշակերտ ունեցող դպրոցները կարողանան գոյատևել։ Հետո մեթոդական հարցեր կան, ուսուցչին ներկայացվող շատ պահանջներ, որոնք ձևական են ու մեզ իրականում հեռացնում են ուսումնական պրոցեսից, այսինքն, գրագրությունները շատ են, որոնք պետք ա ավելի քչանան, որ մենք կենտրոնանանք կոնկրետ դասապրոցեսի վրա»:

Երեկ ուսումնական հերթական տարին ավարտած ու շրջանավարտներին հրաժեշտ տված մանկավարժներն ասում են՝ ընդունում են պայքարի նորանշանակ նախարարի կոչերն ու գործողությունները՝ կոռուպցիայի դեմ, բայց վերապահումով։ Այս տարի վերջին զանգին անգամ ծաղկեփնջերից են հրաժարվել, ինչն, ըստ նրանց, անսովոր է։ Վանաձորի թիվ 30 դպրոցի տնօրեն Սուսաննա Դարբինյանն ասում է. - «Եթե դուք Այբբենարանը վերցնեք առաջին դասարանի, հենց կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված այդ դասագրքում, աշակերտը, երբ գնում է դպրոց, իր ձեռքին ծաղկեփունջ կա։ Էդ ծաղկեփունջը վերաբերմունք է, սեր է, հարգանք է։ Եթե դուք այլ տեսանկյունով եք նայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG