Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ուշ երեկոյան հաղորդեց, որ ձերբակալվել են շոտլանդական ընկերության կողմից անցյալ տարի ստեղծված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության տնօրենն ու ևս երեք աշխատակից՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից, տուրքերից և պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելու կասկածանքով:
Նախկին վարչապետ, «Գազպրոմի» նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Կարապետյանի օրոք ստեղծված ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը նախկինում հանդիսացել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր հաշվապահ։ ԱԱԾ-ի պնդմամբ, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ «Նորֆոլկը» փաստացի մոնոպոլ դիրք է ստացել մի շարք երկրներից ապրանքների ներմուծման ոլորտում՝ միջնորդավճարի դիմաց մատուցելով մաքսազերծման և հարկային հաշվառման ծառայություններ:
Ազգային անվտանգության ծառայության՝ երեկ երեկոյան տարածած ծավալուն հաղորդագրությունում նշվում է, որ քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել Հայաստանի ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ: ԱԱԾ-ն նաև պնդում է, որ ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նշենք, որ ԱԱԾ կողմից այս գործողությունների մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իշխանափոխությունից հետո աշխատանքից ազատման դիմում գրեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, ով, ի դեպ, մինչև պետական ծառայության անցնելը եղել է «Գազպրոմ Արմենիա» գլխավոր տնօրենը։
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» հետ կապված կոռուպցիոն այս երևույթների մասին հանրությունը տեղյակ էր դեռևս հին իշխանության օրոք։
«Եթե ուսումնասիրում եք իր գրանցման ամսաթիվը, նույնիսկ այն ժամանակ ակնհայտ էր, որ ինքը մերձիշխանական կառույց է և բոլոր այդ մնացած՝ թե՛ հաշվապահական աջակցման ծառայությունները, թե՛ մնացած բաները, որը դու նոր գրանցված ընկերությանը ըստ էության առանց մրցույթի տալիս ես, ակնհայտ է, որ սա կոռուպցիոն ռիսկ է», - նշեց տնտեսագետը:
ԱԱԾ-ն հաղորդում է, որ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգի» գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր: Գործի շրջանակում հարցաքննվել են նաև բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները, որոնք էլ տվել են գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ:
Այս ընկերության հետ կապված դժգոհությունները նոր չեն։ Դեռ անցած աշնանը առևտրականները բողոքում էին «Նորֆոլկից»՝ խոսում կոռուպցիոն գործարքների մասին։ Ազգային անվտանգության ծառայությունը նաև նշում է, որ այս ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։
Արդյունքում՝ իր գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար, իսկ «պետությանը պատճառված վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշգրտել ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված դատահաշվապահական փորձաքննության շրջանակներում», հայտարարում է Ազգային անվտանգության ծառայությունը:
«Ազատության» հետ զրույցում գործարար Սամսոն Գրիգորյանը ասում է, որ մեկ կամ երկու անգամ է օգտվել այս ընկերությունից՝ գերադասելով ավելի թանկ վճարել սահմանի վրա, որպեսզի այդ գումարները գնան պետբյուջե, ոչ թե մասնավոր մի ընկերություն։
«Մենք տեսնում էինք, որ որոշակի տնտեսվարողներ կային, որոնք, դու տեսնում էիր, որ ինչ-որ ավելի շահավետ դիրքում են», - պատմում է գործարարը:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքական իրադրության փոփոխությունից հետո պարզապես ընթացք տվեց այն ամենին, ինչը հայտնի էր վաղուց: - «Հիմա քաղաքական իրավիճակ է փոխվել, և այն, ինչ կար՝ ընթացք է տրվել: Այնպես չէ, որ այդ ռիսկերը նոր էին ծնվել կամ ԱԱԾ-ն ինքնակամ ինչ-որ նոր բացահայտումներ է արել», - փաստում է Մանուկյանը:
Ըստ իրավապահ կառույցի, այս ընկերությունը հիմնադրվել է Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում), գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից։ Այնուհետև, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին՝ Արմեն Ունանյանին են ներկայացրել մինչ այդ գործող «կարգո» ընկերություների ղեկավարներին և հայտնել, որ այսուհետ մաքսազերծումը կատարելու է բացառապես «Նորֆոլկը»։
Նշենք, որ այդ ընթացքում ՊԵԿ-ը ղեկավարում էր Վարդան Հարությունյանը։
ԱԱԾ-ն փոխանցում է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը»։