Մատչելիության հղումներ

Պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսը


Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյա հոբելյանին ընդառաջ, արդեն իսկ մեկնարկում են հոբելյանական մշակութային միջոցառումները, որոնց շարքում երեկ երեկոյան Հայաստանի պատմության թանգարանում «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրի ներքո բացվեց մի շատ ուշագրավ ցուցահանդես, որտեղ նորովի է ներկայացված հայ ժողովրդի պատմության կարևորագույն այդ ժամանակաշրջանը:

Մի քանի թեմատիկ բաժիններից բաղկացած ծավալուն այս ցուցահանդեսում լուսաձայնային, վիզուալ և անիմացիոն հատուկ լուծումներով ներկայացված են թե՛ 100 տարի առաջ տեղի ունեցած հայ ժողովրդի համար չափազանց բախտորոշ մայիսյան հերոսամարտերը, թե՛ անվանի զինվորականներ, առաջին Հանրապետությունը ստեղծած կուսակցական գործիչներ, հերոսներ, ովքեր ծանրագույն պայմաններում առաջնորդեցին հայ ժողովրդին և թվաքանակով մեծապես գերազանցող թուրքական բանակների դեմ տարած հաղթանակի շնորհիվ հնարավորություն ստացան հիմնադրել Հայաստանի առաջին Հանրապետությունը:

Ցուցահանդեսը Մշակույթի նախարարության և Պատմության թանգարանի աջակցությամբ կազմակերպել է «Factory Production» ընկերությունը, որի տնօրենի՝ Վազգեն Պողոսյանի խոսքով՝ փորձել են ուղղակի հինն ու նորը համատեղել, «որ հետաքրքիր լինի և՛ օտարերկրյա հյուրերին, և՛ երիտասարդներին, և՛ դպրոցահասակ երեխաներին»:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Արուսյակ Զախարյանն էլ մեր զրույցի ընթացքում շեշտում էր, որ իրենք հնարավորություն են ունեցել պատմական նյութն ուսումնասիրել ամենայն մանրամասնությամբ, որից հետո էլ ահա ծնունդ է առել այս նորարարական ցուցահանդեսը․ - «Փորձեցինք գույների միջոցով ներկայացնել այն ամբողջ ճանապարհը, որ մենք մի բառով կարող ենք կոչել Առաջին Հանրապետություն»:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի համոզմամբ էլ հոբելյանական այս ցուցահանդեսը տպավորիչ է․ - «Շատ հաճելի էր, որ նոր շունչը և պատմությունը զուգակցվում են»:

Ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացված կլինի 8 ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG