Մատչելիության հղումներ

Մենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան. Նիկոլ Փաշինյան


Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի առանցքային թեմաներից էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահներ Արմեն Սարգսյանի ու Բակո Սահակյանի, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի, Սփյուռքից ժամանած բազմաթիվ գործարարների առջև հայտարարեց, թե ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները համազգային համախմբման նոր ազդակ են դարձել:

«Ամեն ինչ պետք է անենք և վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար», - հայտարարեց վարչապետը: - «ՀՀ կառավարության առաջնահերթությունները մենք արդեն հայտարարել ենք: Այդ առաջնահերթություններից կարևորագույնը ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է և նրան մշտական բնույթ տալը»:

Նիկոլ Փաշինյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին ասում էր, թե տարիներ շարունակ հանրությունը չի վստահել ընտրությունների արդյունքներին, իրեն խաբված զգացել․ - «Եվ հետևաբար, մեր խնդիրն է, որ սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ ընտրությունների որևէ արդյունքի պարագայում իրեն առաջին հերթին հաղթանակած զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության համար հաջորդ կարևոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ, սկսած ընտրական կոռուպցիայից և շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով: Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ունի հաջողություններ»:

Վարչապետ Փաշինյանը Սփյուռքում դրամահավաք կազմակերպող հիմնադրամի ղեկավար կազմի առջև արտագաղթը կասեցնելու մասին խոսեց․ - «Հայությունն ի վերջո պետք է սկսի մեծ գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում կենտրոնանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը որպես ինստիտուտ ունենալու համար: Մենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և մենք համոզված ենք, որ արդեն իսկ կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին»:

Նախագահ Արմեն Սարգսյանը իր ելույթում պատմական որակեց գարնանը Հայաստանում տեղի ունեցածը՝ հեղափոխություն կամ իշխանափոխություն եզրույթները, սակայն, չօգտագործեց․- «Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անունը աշխարհով մեկ այսօր շատ ավելի բարձր է, որովհետև աշխարհը տեսավ, որ մեր ժողովուրդը իր համար կարևորագույն օրերին ունի այն մեծ տաղանդը և հնարավորությունները՝ կրկին անգամ միավորվելու և ցույց տալու, որ սկսած ապրիլի 24-ից կարող է մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և միաժամանակ ցույց տալ, որ Հայաստանը շատ յուրօրինակ երկիր է, որովհետև քաղաքական մեծ փոփոխությունները կարող են տեղի ունենալ խաղաղ ճանապարհով»:

Նախագահ Սարգսյանը, «Ազատության» հարցին պատասխանելով, ասաց, թե համաձայն է հնչող մտահոգության հետ, որ Սփյուռքը բացառապես որպես փողի աղբյուր է դիտարկվում, Արմեն Սարգսյանը կարծում է՝ ժամանակն է սփյուռքահայերին ընտրական իրավունք տալ․- «Մեր ցանկացած հայրենակից, ընդ որում՝ նախևառաջ նրանք, որոնք այսօր Սփյուռքում են, բայց կրում են Հայաստանի Հանրապետության անձնագիրը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, պետք է իրենց ներդրումը բերեն, և իհարկե ունենան պարտականություններ և իրավունքներ: Գուցե մեկ օր հասնենք նրան, որ Սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները ունենան իրավունք նաև ընտրությանը մասնակցելու, եթե խոսում ենք ընտրական համակարգի մասին, եթե խոսում ենք ընտրական օրենքը փոխելու մասին: Չասել՝ ձեր խնդիրը նրա մեջ է, որ դուք փողը տաք, փողը տվեցիք՝ ուրեմն էլ մի խառնվեք մեր գործերին»:

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը ի պաշտոնե արդեն «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ են: Անցած տարի հիմնադրամի հեռուստամարաթոնին հանգանակվել է ավելի քան 12 միլիոն դոլար: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը այսօր ևս երեք տարով հաստատվեց այս պաշտոնում:

«Ազատության» հարցին՝ պատրա՞ստ է նոր իրողությունների պայմաններում շարունակել աշխատանքը, Վարդանյանը պատասխանեց․ - «Մեզ համար իրողությունը նույնն է, քանի որ ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք, չեն փոխվել: Մենք կառուցում ենք դպրոցներ, հիվանդանոցներ, ջրատարներ, գազատարներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG