Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Թավշյա հեղափոխությունը շատ մեծ մշակութային բաղադրիչ ունի


Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում արվեստագետների, մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից հայտարարեց․ - «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձությունները, ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը շատ մեծ մշակութային բաղադրիչ ունի: Եվ մեր պատկերացմամբ, մշակույթի առանցքային դերակատարումը Հայաստանի Հանրապետության կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը հետևողականորեն և շարունակաբար բարձրացնելն է: Եվ այս խնդրի լուծման համար մենք պետք է կարողանանք ապահովել մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակույթի և մշակութային միջավայրի հետ»:

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանում բարձրարժեք մշակույթ է ստեղծվում, որը պիտի դառնա Հայաստանվի քաղաքացու կենցաղի անբաժանելի մասը․ - «Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի ընկալում լինի՝ հնարավոր չլինի ապրել առանց մշակույթի հետ հաղորդակցվելու: Ոչ թե նրա համար, որ կա ինչ-որ պարտադրանք, այլ նրա համար, որ դա կյանքի կարգապահության, կյանքի մշակույթի, կյանքի ձևի անբաժանելի մասն է»:

Վարչապետի համոզմամբ՝ թավշյա հեղափոխությունը կարելի է կոչել նաև մշակութային հեղափոխություն․ - «Ես մշակույթը և մշակութային կյանքին հաղորդակցությունը համարում եմ մարդկային երջանկության անբաժանելի մասը: Եվ ուրեմն, երբ որ մենք ասում ենք՝ մեր խնդիրը ազատ, երջանիկ Հայաստան ստեղծելն է, մենք դրանում տեսնում ենք մեծապես մշակույթի, մշակութային գործիչների դերը: Դա մշակութային հեղափոխություն է, որովհետև այդ հեղափոխության ամենամեծ հեղինակներին ես համարում եմ մեր երկրի մշակույթի գործիչներին, արվեստի գործիչներին, ովքեր կարողացել են ինչ-որ մի տեղ բոլորի համար աննկատ գործարկել մարդկանց գիտակցության մեջ մի մեխանիզմ, որը ի վերջո դարձել է սիրո և համերաշխության հեղափոխություն»:

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ աստիճանաբար հասարակական գիտակցության մեջ կվերականգնվեն մշակութային արժեքները․ - «Մենք ուզում ենք մեր կառավարության գործունեության արդյունքում գրողը վերգտնի իր կորցրած ընթերցողին, թատրոնը վերգտնի իր կորցրած հանդիսատեսին, երաժշտությունը վերգտնի իր կորցրած ունկնդրին, կերպարվեստը վերգտնի իր կորցրած հանդիսատեսին: Սա է մեր խնդիրը»:

Վարչապետն ասաց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, հանրագումարի բերելով արդեն նախորդ հանդիպման գործնական արդյունքները:

Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիպման եկած արվեստագետների մի մասը հարցեր ուղղեց Նիկոլ Փաշինյանին, մի մասն էլ՝ ողջունելով հանդիպումը, անդրադարձավ արվեստի, մշակույթի բնագավառում տարբեր խնդիրների: Երիտասարդ օպերային մի երգչուհի անգամ ասաց, որ մոնոպոլիա կա նույնիսկ օպերային արվեստում․ անգամ մրցույթից հետո իրեն դերակատարում չի հասել․ - «Վերահսկեք այս ոլորտը, որ այստեղ էլ մրցութային դաշտ ստեղծվի, և որոշ՝ արդեն մենաշնորհ ունեցող երգիչներ, որոնք պալատական երաժիշտներ էին ժամանակին, և իրենց պինդ տեղը արդեն ստեղծել են․․․»

Վարչապետն ընդմիջեց․ - «Ես Ձեր փոխարեն ուղղակի մի կտոր կերգեի, որպեսզի ապացուցեի»:

Երբ երգչուհին կատարեց վարչապետի խնդրանքը, Փաշինյանն ասաց․ - «Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ մենաշնորհ կար, Դուք վերացրիք այդ մենաշնորհը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG