«Նոր ատոմակայան կառուցելը ունենալու է արժեք, իսկ դա բավականին մեծ է լինելու: Ինձ թվում է, էս պահին մենք համապատասխան ֆինանսական միջոցները չունենք, որպեսզի նոր ատոմակայան կառուցելու խնդիր լուծենք: Եվ դրա անհրաժեշտությունը չունենք էս պահին: Մենք ունեինք էս պահին անհրաժեշտություն երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման, և կատարում ենք երկարաձգումը», - ասաց նախարարը:
Նոր ատոմակայան կառուցել խոստացել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով մոտ տասը տարի առաջ՝ Հանրապետության նախագահի առաջին անգամ աթոռը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց: 2008 թվականի հոկտեմբերին ժողովրդին և Ազգային ժողովին հղած իր միակ ուղերձում նա խոստացել էր․ - «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել»:
Սակայն Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի այս խոստումը՝ մի շարք այլ խոստումների հետ միասին, մնաց թղթի վրա:
Նախարար Արթուր Գրիգորյանն այսօր այցելել էր ատոմակայան՝ ծանոթանալու ռուսաստանյան 300 միլիոն դոլար վարկի ու դրամաշնորհի օգնությամբ հունիսի 1-ից մեկնարկող արդիականացման աշխատանքներին: Աշխատանքներն ավարտվելու են այս դեկտեմբերին: Արդյունքում հայկական ատոմակայանի շահագործումը կերկարաձգվի ևս տասը տարով:
Հայտնի է, որ ԱԷԿ-ը մատակարարում է էժան էլեկտրաէներգիա, ուստի մտահոգություն հնչեց՝ հնարավո՞ր է ԱԷԿ-ի կես տարով կանգ առնելը անդրադառնա էլեկտրաէներգիայի սակագնի վրա:
Արթուր Գրիգորյանի արձագանքը․ - «Միանշանակ սակագնի վրա չի ազդելու: Որովհետև կանգնեցնելուն զուգահեռ մենք ունենք համապատասխան գրաֆիկ, թե ինչ ռեժիմով ենք էներգամատակարարումը ապահովելու: Աշխատելու է 5-րդ բլոկը Հրազդանի, Երևան ՋԷԿ-ը․ գրաֆիկը ունենք, մեր համապատասխան մասնագետները ներկայացրել են: Որևիցե խնդիր չենք ունենա անխափան էներգամատակարարման համար»:
Ընտրվելուց օրեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել էր հայ-իրանական հարաբերություններին՝ հայտարարելով, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները չեն արտահայտում առկա հնարավորությունները:
Պատասխանելով Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա կամ Վրաստան իրանական գազի փոխադրման վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը նաև ասել էր․ - «Չեմ կարծում, թե պետք է մեղադրել Ռուսաստանին, որվհետև դա Հայաստան - Իրան հարաբերությունների հարց է, և ճիշտ չէ մեր հարաբերություններում որևէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին: Եթե մենք ունենք կամք՝ որևէ խնդիր լուծելու, մենք էդ խնդիրը կլուծենք»:
Նախարար Արթուր Գրիգորյանին այսօր հարցրինք՝ նոր իւշխանությունները մտադի՞ր են Թեհրանի հետ պայմանավորվել իրանական գազը հայաստանյան սպառողներին հասցնելու հարցում:
«Իրանական գազը մեզ մոտ սահմանի վրա թանկ է ավելի, քան ռուսական գազը սահմանի վրա», - պատասխանեց նախարարը՝ շարունակելով․ - «Կարող եմ նաև թվեր ասել: Իրանական գազը սահմանի վրա, ինչքանով որ ամենավերջին տվյալներով առաջարկվել է, 165 դոլար է, իսկ ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով: Պլուս դրան՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կա նաև մոտ 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որը ավելի է էժանացնում ռուսական գազը, քան պարսկականը: Բայց դա մեզ չի ստիպում, իհարկե, որ մենք քարացած նստենք և չշարունակենք նմանատիպ բանակցությունները»: