Մատչելիության հղումներ

Դատախազությունն արձագանքել է «Հետքին»՝ կստուգվի Հանրային հեռուստաընկերության գործունեությունը


Երևանի հեռուստաաշտարակը
Երևանի հեռուստաաշտարակը

Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «hetq.am» լրատվական կայքի հրապարակումները: «Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման փաստաթղթային հիմքերը, որոնք դեռևս չեն ստացվել»,- նշված է ԳԴ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ «Հետք» էլեկտրոնային պարբերականն այս ամիս երկու հոդված էր հրապարակել, որոնցում անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությունում գրանցված խախտումներին։ Մայիսի 17-ին՝ «Բյուջեն մոտ 5 մլրդ դրամ խախտումներով է ծախսվել» և մայիսի 23-ին՝«Հանրային հեռուստաընկերությունը Ռուբեն Ջաղինյանի փողերի լվացքատունն է» վերնագրերով հոդվածներում առկա տեղեկությունները գլխավոր դատախազության համար ուսումնասիրության առարկա են դարձել։

Մայիսի 17-ին հրապարակված հոդվածում «Հետքը» գրել էր՝ Ֆինանսների նախարարության Հայաստանի պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության՝ 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունից պարզ է դարձել, որ պետբյուջեից Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հատկացվող գումարները ծախսվել են խախտումներով․ ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստ է արձանագրվել։

Իսկ մայիսի 23-ին հրապարակած՝ «Հանրային հեռուստաընկերությունը Ռուբեն Ջաղինյանի փողերի լվացքատունն է» վերնագրով հոդվածում «Հետքը», մասնավորապես, գրել էր․ «Հանրային հեռուստաընկերության բյուջեի մոտ 75 տոկոսը փոխանցվում էր «Շարմ հոլդինգ» ընկերությանը, այս ընկերությունից գումարի մի մասը գնում էր մեկ այլ ընկերության` տեխնիկա վարձակալելու համար։ «Շարմ հոլդինգ»-ի սեփականատերերն են Ռուբեն Ջաղինյանը (50 տոկոս), Հրանտ Թոխատյանը (25 տոկոս), Կարեն Ղազարյանը (25 տոկոս)»։

Գլխավոր դատախազությունից նաև հայտնում են, որ դիմել են «Հետքին»՝ խնդրելով տրամադրել չարաշահումների փաստերի վերաբերյալ «իրենց հայտնի ամբողջական տեղեկատվությունը՝ նաև դրանցով, օրենքով սահմանված կարգով, իրավական գնահատական տալու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG