Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը երկու դասարաններից հավաքած 43 հազար դրամը որոշել է վերադարձնել ծնողներին։ Մյուս դասարանները դեռևս չեն մասնակցել դպրոցում նախակրթարան բացելու՝ կրթության և գիտության նախարարության ծրագրում ընդգրկվելու համար նախապես հայտարարված դրամահավաքին։ «Սա է եղել, խնդրեմ, ընդամենը՝ 14 և 29 հազար դրամ»,- ասում է տնօրենը։
Դպրոցում դրամահավաք էր սկսվել նախակրթարան հիմնելու՝ մոտ 20 հազար դոլարանոց ծրագրի իրագործման համար։ Ըստ նախարարության հետ կնքված պայմանագրի, դպրոցի տնօրենը պարտավորվել է գումարի 25 տոկոսը ապահովել «համայնքի և ծնողական ներդրումների հաշվին», ինչպես դրամի, այնպես էլ աշխատուժի տեսքով՝ ընդհանուր առմամբ մոտ 2,5 միլիոն դրամի չափով։ Տնօրեն Անահիտ Վարդանյանն «Ազատությանը» ցույց տվեց նախարարությանն ուղղված մի գրություն, որով երաշխավորել է «ապահովել ծնողական ներդրումը», բայց, ըստ տնօրենի, որոշել է վերադարձնել հավաքված գումարը, քանի որ իր սպասելիքները չեն արդարացել։
«Ասեմ, որ այլևս էս բոլորը պետք չի, որովհետև, միևնույն է՝ եթե չի ստացվում, ավելի լավ ա՝ էս էլ չլինի»,- ասում է Վարդանյանն ու հավելում՝ հավաքված գումարը վերադարձնելու է․ «Իհարկե, ես ի՞նչ անեմ սա: Ասենք՝ որ դուք լինեք, ի՞նչ պիտի անեք սա։ Ես նոր Երևանից եմ գալիս։ Մտածեցի, որ մեկ է՝ եթե իմ ներդրման գումարներն այնքան շատ են, որ ես չեմ կարողանա դա հավաքել․․․ ծնողն իր երեխայի համար չի կարողանում մի հատ բուլկի գնի, ես չեմ կարողանա ասել՝ բերեք»։
Դպրոցն ընդգրկվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով Հայաստանի տարբեր բնակավայրերում, այդ թվում Վանաձորում նախակրթարաններ հիմնելու ծրագրում, ըստ որի՝ մինչև 22 հազար դոլարով սոցիալապես անապահով երեխաների համար նախակրթարան է հիմնվելու, առավելապես եղած դպրոցների շենքերում։
Կրթության և գիտության նախարարության նախադպրոցական ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը հաստատեց՝ անցած շաբաթ Վանաձորի թիվ 9 դպրոցի տնօրենի հետ պայմանագիր է կնքվել ծրագիրն սկսելու համար, բայց դպրոցի աշակերտներից գումար հավաքելու մասին խոսք չկա։ «Ներդրում կարող են անել երեխաներին նախակրթարան ուղարկելու պատրաստակամություն հայտնած ծնողները կամ բարերարները, ինչպես դա արվել է նախորդ ծրագրերում»,- ասաց նախարարության պաշտոնյան։
«Դպրոց հաճախող երեխաներից, միանշանակ, ինքը իրավունք չունի գումար հավաքելու։ Թե ինքը ինչ ինքնագործունեություն է ծավալել, չգիտեմ, բայց ամեն դեպքում ծրագիրը չի ասում, որ մյուս դասարանի երեխաներից պիտի ինքը գումար հավաքի նախակրթարանի համար»,- շարունակեց Արմինե Խաչատրյանը։
Նա «Ազատությանը» տեղեկացրեց, որ 2016-17 թվականներին Վանաձորի երկու դպրոցներում արդեն բացվել է նախակրթարան, և Լոռիում նախատեսված չէր որևէ այլ դպրոց ներառել ծրագրում, բայց հաշվի է առնվել Լոռու մարզպետի՝ դեռ նախկին նախարարին ուղղած գրությունն ու այս տարի մարզի ևս 5 դպրոց է ընդգրկվել ծրագրում։ «Մենք չէինք նախատեսել, բայց քանի որ մարզպետը խնդրել էր, առանձին նամակով դիմել էր նախարարին, նախարարն էլ ուղղորդեց մեզ, մենք ընթացք տվեցինք»,- ասաց Խաչատրյանը։
Վանաձորի թիվ 6 դպրոցում արդեն մեկ տարի գործում է պետության ստացած վարկային միջոցների հաշվին հիմնված նախակրթարանը։ Այստեղ հաճախում է մոտ 50 երեխա։ Տնօրեն Նազելի Ասատրյանն ասաց՝ իրենց դպրոցում նախակրթարան բացելու համար նախատեսված մոտ 10 միլիոն դրամի 25 տոկոսը հավաքել են մանկավարժների և մեկ ֆրանսիացի բարերարի ներդրման հաշվին։
«Էս ծրագրին մասնակցելուց առաջ նախ մեր կոլեկտիվն է իրենց աշխատավարձից առաջին ամիսը 10 տոկոս ներդրում արել դպրոցին, բացի դա՝ մենք գտել ենք բարերար Ֆրանսիայի [հայ] համայնքից, և նա մեզ օգնել է՝ այդ գումարները հայթայթել: Ոչ մի ծնող չի մասնակցել դրամահավաքին»,- ասաց Նազելի Ասատյանը։
Վանաձորի թիվ 30 դպրոցը ևս նախակրթարան բացելու՝ նախարարության ծրագրին մասնակցելու պայմանագիր է կնքել։ Տնօրեն Սուսաննա Դարբինյանն «Ազատությանն» ասաց, որ պայմանագրի բաղադրիչներից մեկը՝ ծնողական ներդրումներն ապահովում են դպրոցի աշակերտների ծնողների հաշվին։ 620 աշակերտներից արդեն հավաքել են մոտ 330 հազար դրամ։ Վճարումները կատարվել են բանկում։
Կրթության և գիտության նախարարության կողմից անօրինական համարվող դրամահավաքը դպրոցներում ծնողական ներդրում է համարվում, որի մասին վճարումներ կատարած ծնողները դժգոհում են միայն կադրից դուրս։