Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը ուժի մեջ է թողել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին արտահանձնելու որոշումը


Ռուսաստան - Մոսկվայի քաղաքային դատարանի շենքը, արխիվ
Ռուսաստան - Մոսկվայի քաղաքային դատարանի շենքը, արխիվ

Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին արտահանձնելու՝ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը: Երեկ կայացած նիստում Մոսկվայի դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը՝ արտահանձնումը համարելով օրինական և հիմնավորված:

Մարտիրոսյանը Հայաստանի պահանջով ձերբակալվել է Մոսկվայում 2017 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակից սկսած նա գտնվում է Մոսկվայի թիվ 4՝ «Մեդվեդ» կոչվող ժամանակավոր պահման մեկուսարանում:

Ըստ ռուսական մամուլի հրապարակումների՝ Ստեփան Մարտիրոսյանը պնդում է, որ իր դեմ գործը «սարքված» է, հայտարարում է, որ ինքը հոլիվուդյան մի քանի ֆիլմերի պրոդյուսեր է, որտեղ նկարահանվել են Սիլվեսթր Սթալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Մարկ Ուելբերգը:

Մոսկվայում նա ձերբակալվել է օդանավակայանում: Կինոպրոդյուսերն ասել է, որ Մոսկվա էր եկել Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկարահանելու կապակցությամբ, Լեոնարդո դի Կապրիոն համաձայնել էր խաղալ Վլադիմիր Վլադիմիրովիչի դերը, սակայն հետո հրաժարվել էր՝ հավանաբար նրան տարհամոզել են, բայց փոխարենը Պուտինի դերը համաձայնել է խաղալ Շոն Փենը:

Ստեփան Մարտիրոսյանի գործը վերջին կես տարվա ընթացքում Ռուսաստանի դատական համակարգի բոլոր ատյաններով անցել է՝ քաղաքային դատարանից մինչև Գերագույն դատարան, սակայն երեկ դատարանը նորից որոշել է, որ նա պետք է արտահանձնվի Հայաստանին:

Հայաստանցի Ստեփան Մարտիրոսյանը 1985 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: 2014 թվականին նրա մասին մեծ հոդված էր հրապարակել «Լոս Անջելես Ուիքլի» հանդեսը, որտեղ շոշափված էր նաև Սերժ Սարգսյանի անունը: Այդ հրապարակման մեջ նշված էր, որ Մարտիրոսյանը ներգրավված է տարբեր անօրինական գործարքներում, այդ թվում նշված էին՝ Հայաստանի կառավարություն-աֆրիկյան ադամանդներ, ռուսական նավթի առևտրի գործեր: Նա կասկածվել է թմրամիջոցների ապօրինի վաճառքի համար, ձերբակալվել է, դատապարտվել: Իսկ 2006-ին Ստեփան Մարտիրոսյանը ամերիկյան PR ընկերությունների միջոցով աշխատել է արտերկրում բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը: Օտարերկրյա գործակալների գրանցման ամերիկյան օրենսդրությանը համապատասխան՝ այդ պայմանագիրը ներկայացվել էր Պետդեպարտամենտ, դրանում նշված էր, որ նպատակը Հայաստանը ապահով և կայուն ներկայացնելն է, ներդրումներ խրախուսելը և երկարաժամկետ իրազեկման և հեղինակության բարձրացման ծրագրի իրականացումը նախարար Սարգսյանի անունից:

Հայաստանում Մարտիրոսյանի դեմ քրեական գործ է բացված խարդախության միջոցով մեծ գումարներ հափշտակելու մեղադրանքով: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա մեղադրվում է 2011-13 թվականների ընթացքում 47 միլիոն դոլար յուրացնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG