Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ տեղեկացրեց, որ չեղյալ է հայտարարում հանդիպումը՝ դա պատճառաբանելով Կիմ Չեն Ունի վերջին մեկնաբանություններում տեղ գտած «աներևակայելի զայրույթով և բացահայտ թշնամությամբ»:
Սպիտակ տան փոխանցմամբ, նախագահ Թրամփը հանգել է այն եզրակացությամբ, որ «այդ երկար պլանավորված հանդիպումը հիմա նպատակահարմար չէ»:
Այդ մասին Վաշինգթոնը տեղեկացրել է Կիմ Չեն Ունին հասցեագրված նամակում, որը Սպիտակ տունն այսօր է հրապարակել:
«Հյուսիսկորեացիները խոսում են իրենց միջուկային կարողությունների մասին, սակայն մեր միջուկային կարողություններն այնքան ահռելի են ու հզոր, որ ես Աստծուն եմ աղոթում, որ դրանք երբեք չօգտագործվեն»,- հայտարարում է Թրամփը:
Նրա նամակը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քիչ առաջ ընթերցել է պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Կիմ Չեն Ունին ուղղված նամակում Ամերիկայի նախագահը նշել է, որ պատրաստ է քննարկել մեկ այլ անգամ հանդիպելու հնարավորությունը:
«Եթե դուք փոխեք ձեր մոտեցումն այս կարևոր հանդիպման վերաբերյալ՝ խնդրում եմ առանց վարանելու զանգահարեք կամ գրեք», - ասվում է Թրամփի նամակում:
«Ինձ թվում էր, որ մեր միջև կայանում է հրաշալի երկխոսություն: Աշխարհը և, մասնավորապես, Հյուսիսային Կորեան, այսօր կորցրեց հարատև խաղաղություն, բարգավաճում և հարստություն ապահովելու մեծ հնարավորություն», - ասվում է Կիմ Չեն Ունին հասցեագրված Դոնալդ Թրամփի նամակում:
Նախնական պայմանավորվածության համաձայն, Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի հանդիպումը պետք է տեղի ունենար հունիսի 12-ին Սինգապուրում:
Դրան նախորդել են կողմերի բանակցությունները բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով՝ Հարավային Կորեայի ղեկավարների անմիջական միջնորդությամբ:
Հարևան երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան և տարածաշրջանի մնացած պետությունները մեծ հույսեր են կապել հանդիպման հետ, հավատալով, որ այն կնպաստի Կորեական թերակղզում իրավիճալի կայունացմանը:
Հյուսիսային Կորեան խոստման համաձայն ոչնչացրել է միջուկային ստորգետնյա փորձադաշտը:
Վերջին օրերին Փհենյանը վերստին սկսել է դատապարտել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական համագործակցությունը և վիրավորական մենաբանություններ է հնչեցրել, մասնավորապես, փոխնախագահ Մայք Փենսի հասցեին:
Փհենյանը դեռ չի արձագանքել բանակցությունները չեղարկելու մասին Վաշինգթոնի հայտարարությանը: