Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահ․ Բյուջեի մուտքերն այս տարի էապես մեծանալու են


Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց բանավեճով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանից բացատրություն էր պահանջում, թե ինչու մայիսի 10-ին և 16-ին նամակներ ստանալով ռուսական «Ռոսսելխոսնադզոր» կազմակերպությունից՝ իրեն տեղյակ չի պահել․ - «Ես ուզում եմ հասկանալ, Դուք ո՞ւմ եք զեկուցել, որ էսպիսի իրավիճակներ կան, երբ որ կոնկրետ խնդրանքով են դիմում Ռուսաստանի մեր գործընկերները մեզ, կոնկրետ իրավիճակ են ներկայացնում, և հարցը ունի շատ կարևոր նշանակություն: Ես ուզում եմ իմանալ ում եք զեկուցել: Ես վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ առաջին գործողություններից մեկը եղել է հետևյալը․ ես զանգել եմ Ձեզ և հարցրել եմ, թե արդյոք մենք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում, և Դուք ասել եք, որ ըստ էության խնդիր չկա: Մեր խոսակցությունից հետո Դուք ստացել եք երկու նամակ: Իմանալով, որ ես այդ հարցով շատ հետաքրքրված եմ․․․ Ինձ հետաքրքիր է, Ձեր գործողությունները նկարագրեք, և ո՞ւմ եք զեկուցել»:

Իշխան Կարապետյանը փորձում էր բացատրել․ - «Պարոն վարչապետ, աշխատանքային կարգով քննարկում ենք ունեցել, նաև ես խոսել եմ «Ռոսսելխոսնադզորի» ղեկավարի հետ հեռախոսով․․․»

Փաշինյանն ընդհատեց․ - «Դուք իմ հարցը ճիշտ չհասկացաք: Ո՞ւմ եք զեկուցել Կառավարության անդամներից, Գյուղատնտեսության նախարարին զեկուցե՞լ եք, փոխվարչապետերին զեկուցե՞լ եք, վարչապետին զեկուցե՞լ եք»:

«Քննարկում է եղել նաև Գյուղատնտեսության նախարարի հետ: Ես փորձել եմ կապվել նաև պարոն Միրզոյանի հետ, սակայն չի ստացվել: Եվ այդ իսկ պատճառով․․․ գործողությունները իրականացվել են»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ռուսական կողմից ստացված նամակներում բարձրաձայվել են Հայաստանից արտահանված լոլիկի հետ կապված սանիտարական խնդիրներ, և բեռը հետ է ուղարկվել․ - «Եթե այս իրավիճակի կրկնությունը մենք կունենանք, ես հույս ունեմ, որ չենք ունենա: Ինչի մասին է խոսքը․ որ գյուղմթերքների արտահանումը իրականացվի պահանջներին խստիվ համապատասխան, և Դուք պարտավոր եք դա ապահովել: Եվ ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ»:

Վարչապետն այսօր անդրադարձավ նաև նախորդ նիստում իր հանձնարարակին՝ լուծում տալ վարորդների դժգոհությունը հարուցած արագաչափերի և տեսախցիկների հարցին՝ թեկուզ դրանց գործունեության ժամանակավոր կասեցմամբ:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը զեկուցեց, որ 2012-2017 թվականների ընթացքում չմուծված տուգանքների համար համաներում է լինելու․ - «Կան քաղաքացիներ, որոնք անգամ դժգոհեցին այս մեր որոշման, մեր հայտարարության հետ կապված: Շատ պարզ պատճառով․ իրենք ասում են՝ բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, վերադարձրեք մեր գումարները»:

Վարչապետն ասաց․ - «Շատերը չեն վճարել, որովհետև չեն ունեցել: Պարոն Միրզոյանն է ասում վճարել ա, ես էլ եմ վճարել, բոլորս էլ վճարել ենք, Դուք է՞լ եք վճարել, պարոն Օսիպյան: Պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել: Այստեղ կարևորը, առանցքը հարցի քաղաքական շեշտադրման մեջ է՝ որ քաղաքացին իրեն չպետք է զգա որպես տուգանվելու օբյեկտ, որին պարզապես պետությունը հետևից ընկած, ուզում ա մի տեղ բռնի, տուգանի»:

Նիստից հետո Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հետաքրքրվեցինք, թե արդյոք իրավապահներին դիմելու պատճառ ունի, իր գերատեսչությունում օրինակ կոռուպցիոն սխեմաներ հայտնաբերե՞լ է: Նախարարն արձագանքեց․ - «Կոռուպցիոն սխեմաները բացահայտման փուլում են: Դրանք հիմնականում գնումներ, մրցույթներ, պետական փողերի բաշխում․․․ Սխեմաների բացահայտելը մի կողմը․․․ շատ հաճախ ամեն ինչ արվում է օրենքի տառին համապատասխան, բայց ոչ արդյունավետ: Օրինակ, մասնակցում է մրցույթին մի ընկերություն, մի ընկերությունը տալիս է մի գին ու էդ մի ընկերությունը շահում ա մրցույթը: Այդտեղ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է, բայց փաստորեն կան, ասենք, անդրկուլիսային պայմանավորվածություններ»:

Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, թե բյուջեի մուտքերն այս տարի էապես մեծանալու են․ - «Ես կարող եմ ասել, որ մուտքերը լինելու են պլանավորվածից էապես բարձր»:

Անանյանը չհերքեց տեղեկությունը, որ վարչապետ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարներին, ինչպես հարցը տվող լրագրողն ասաց՝ օլիգարխներին․ - «Ես չեմ իմանում ինչ ա քննարկվել, բայց քննարկման արդյունքներով համապատասխան հանձնարարությունները ստացել եմ: Հանձնարարությունները եղել են շատ պարզ և հստակ՝ ՊԵԿ-ը պետք է իր գործառույթներն իրականացնի օրենսդրության շրջանակներում, չպետք է լինեն ավելի գերադասված տնտեսվարողներ: Սրանից այն կողմ ավելի պարզ, հստակ ձևակերպում չի կարա լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG