Օգտատերերից մեկը հարցին, թե ինչո՞վ է տարբերվում այս նոր կառույցը նախորդներից, որո՞նք են դրա հիմնական գործառույթները և ո՞ր ոլորտներն են առավել ռիսկային, Սանասարյանը պատասխանեց․ - «Սա նորաստեղծ կառույց է: Կառույցը դեռ չունի կանոնադրություն, կառուցվածքը դեռ պարզ չի, քանի որ նախորդ իշխանությունները այս «սուպերկառույցը» ստեղծելու մտադրությամբ ընդունեցին այս օրենքը և չկարողացան հասցնեն ավարտին: Տեղի ունեցավ իշխանափոխություն, և այդ բարդ գործը անձնապես իմ ուսերին է լինելու, որովհետև, այսպես ասած՝ պատի առաջին քարերը սկսելու եմ դնել ես»:
«Օրենքի համապատասխան ինչ փոփոխություններ են տեղի ունեցել․ նախկինում եղել են նախագահի վերահսկողություն, վարչապետի վերահսկողություն, Ֆինանսների նախարարությունը վերահսկողություն է [իրականացնել]: Հիմա այս երեք կառույցները միավորվում են, ու իր բնույթով անկախ կառույց է դառնում: Միայն վարչապետին ենթակա կառույց է, ինչպես Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը: Այս երեք կառույցներն են, որ վարչապետի ենթակայության կառույցներ են և դուրս են Կառավարությունից», - մանրամասնեց Սանասարյանը՝ շարունակելով․ - «Մենք վերահսկողություն ենք իրականացնելու՝ Կառավարությանը, այլ պետական մարմիններին՝ առընթեր մարմիններ, մարզպետարաններ, ամենատարբեր պետական կառույցներին: Կան կառույցներ, որոնք ունեն անկախություն, և կարող ենք մեր վերահսկողությունն իրականացնել պետական բյուջեի հետ կապված՝ գնումների մասով: Այնպես որ, մենք ունենք շատ լուրջ լիազորություններ»:
Նա ասաց, որ կառույցի ուշադրության կենտրոնում են լինելու գրեթե բոլոր ոլորտները․ - «Մեր հիմնական գործառույթը լինելու է կոռուպցիայի բացահայտումն ու կազմաքանդումը: Իմ համար անձնապես, և ես վստահ եմ՝ վարչապետի համար, կապ չի ունենալու՝ կոռուպցիան գործունեություն ծավալողը ով է: Եթե լինեն մսխումներ, չարաշահումներ, «ատկատներ» գնումների ոլորտում, տենդերների հետ կապված, ցանկացած խնդիր լինելու է մեր խնդիրը, և այդ խնդրին հետևյալ երկու լուծումն է տրվելու․ եթե կան հանցակազմ պարունակող դեպքեր, դրանցով միանգամից զբաղվելու են իրավապահ մարմինները, եթե այնպիսի խնդիրներ են, որ թերացել են ու հանցակազմ չեն պարունակում, մենք ոչ թե մահակ ենք օգտագործելու այդ կառույցի նկատմամբ, ինչպես փորձ է եղել նախկինում, ոչ, մենք փորձելու ենք սովորեցնել, թե ինչպես պետք է աշխատեն, որպեսզի թերություններ չունենան: Այսինքն, մեր խնդիրն է առողջացնել պետական համակարգը»:
Հարցին, թե կա՞ն մոտավոր ուրվագծված առաջին անելիքները, ո՞ր կառույցի դուռն են թակելու, որտե՞ղ եք ստուգումներ անելու, Սանասարյանը պատասխանեց. - «Ես իմ պատկերացումներն ունեմ և նաև կապված ինձ հասած ինֆորմացիաների հետ։ Էս ընթացքում մի քանի օրվա մեջ բազմաթիվ ինֆորմացիայի ներհոսք եղավ դեպի մեր կառույցի դուռը։ Որոշումը կայացնելը հետևյալն է՝ առաջարկությունն արվելու է վարչապետին, վարչապետը հավանություն է տալու կամ անելու է իր առաջարկները»։
Ճշտող հարցին, թե որո՞նք են կոռուպցիայի առումով ավելի ռիսկային ոլորտները, Պետական վերահսկողական ծառայության պետը արձագանքեց. - «Կան, բայց թույլ տվեք դրանց մասին խոսել առաջիկայում, երբ որ ես կունենամ արդեն կոնկրետ ծրագիր։ Բոլոր կառույցները լինելու են մեր թիրախում։ Չեմ ուզում այս պահին ավելի հստակեցնել, ինչի՞ համար՝ կլինի կոնկրետ ծրագիր, մշակում կլինի, կոնկրետ պլան կլինի, թե ինչպես պետք է այդ ընթացակարգն առաջ գնա, և այստեղ անպայման պետք է ներկայացվի վարչապետին, և վարչապետը պետք է հաստատի կամ անի իր առաջարկությունները, հանձնարարականները և այլն։ Այնպես որ, անկախ ամեն ինչից արվելու են, կլինեն տարբեր պատկերացումներ հերթականության հետ կապված, բայց առաջնահերթությունը լինելու է, այսպես ասած, օդում կախված լուրերով նախկինում եղած կամ այժմ էլ կոռումպացված կառույցներն, այդ դռները ոչ միայն թակելու ենք, այլև բացելու ենք»։