Մատչելիության հղումներ

Երևանում կներկայացվի «Սառույցի արքաները» շոուն և «Ախթամար» մյուզիքլը


Աշխարհահռչակ գեղասահորդներ Իրինա Սլուցկայան և Եվգենի Պլյուշչենկոն «Ախթամար» ներկայացման ազդագրում
Աշխարհահռչակ գեղասահորդներ Իրինա Սլուցկայան և Եվգենի Պլյուշչենկոն «Ախթամար» ներկայացման ազդագրում

Անկախության տարիներին տաղանդաշատ բազմաթիվ երիտասարդ արվեստագետներ մեկնեցին Հայաստանից, ինչպես ասում են՝ օտար ափերում բախտ որոնելու:

Երիտասարդ վիրտուոզ ջութակահար, կոմպոզիտոր, մասնագիտությամբ նաև խմբավար Էդգար Հակոբյանը ևս համալրեց արտագաղթողների շարքերը՝ ստեղծագործական ուղու փնտրտուքով: Տարբեր երկրներում լուրջ հաջողություններից հետո նա ի վերջո մշտական բնակություն հաստատեց Մոսկվայում՝ նախ բարձրագույն կրթությունը շարունակելով, ապա հանդես գալով բազմաթիվ համերգներով, իրականացնելով ամենատարբեր երաժշտական ծրագրեր ոչ միայն իբրև նորարար ջութակահար, որը միավորել է դասականը, էթնոն, փոփը, այլև որպես պրոդյուսեր, որը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել նաև Հայաստանում:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում Էդգարը հպարտությամբ շեշտում էր, որ վերջին 20 տարիների ընթացքում կապերը հայրենիքի հետ երբեք չի խզել, նպաստել և օժանդակել է ամենատարբեր համերգների կազմակերպմանը, անձամբ հանդես եկել համերգներով:

Հիմա էլ ահա կրկին Երևանում է՝ աշնանը կայանալիք համերգային մի ուշագրավ ծրագրին մասնակցության համար․ - «Նոյեմբերի 25-ին պլանավորում ենք Հայաստանում Պլյուշչենկոյի և աշխարհի գեղասահքի շատ ներկայացուցիչների հետ միասին անենք մի բաժինը «Սառույցի թագավորները» շոուն, իսկ մյուս բաժինը՝ «Ախթամար» լեգենդի հիման վրա ներկայացում: Ես հանդես եմ գալիս որպես ջութակահար և երաժշտական մասով եմ զբաղվում»:

«Ախթամար» խորագրով սառույցի վրա ներկայացվելիք մյուզիքլին աշնանը մասնակցելու համար ջութակահարը այսօր արդեն մեծ նախապատրաստական աշխատանքների է մասնակցում Երևանում, բայց նրան այս օրերին Հայաստան է բերել թավշյա հեղափոխությունը, որով մեծապես ոգևորված են մոսկվաբնակ հայերը և ակնդետ հետևել են այստեղ տեղի ունեցող ժողովրդական ընդվզման զարգացումներին:

Նոր կառավարությունից, ի թիվս այլ հրատապ խնդիրների լուծման, ակնկալում է նաև, որ ուշադրություն դարձվի մշակույթին․ - «Որովհետև մշակույթը ևս մի քաղաքական լծակ է, որը պետք է օգտագործել, օգտագործել և մի անգամ էլ օգտագործել, որովհետև մենք ունենք աշխարհին ցույց տալու շատ բան: Լուրջ մշակութային քաղաքականությունը պետության քաղաքականության ամենակարևոր մասնիկներից է, որպես ռազմավարական, որպես ֆինանսական, տնտեսական․․․»

Էդգար Հակոբյանի համոզմամբ, պետական մշակութային քաղաքականությունը ձևավորելիս կառավարությունը նախևառաջ պիտի հենվի հայ դասական արվեստի և փիլիսոփայության վրա՝ ներկայացնելով այն ժամանակակից լույսի ներքո:

Եվ միայն երաժշտության բնագավառի մասին չէ խոսքը՝ գրականություն, թատրոն, կինո, կերպարվեստ․ - «Այդ փիլիսոփայության հիմունքների վրա պետք է հիմնված լինի ողջ արտաքին և ներքին քաղաքականությունը: Հայաստանում երկրի սահմաններում հնարավորություն տալ, որ այդ ամեն ինչը ավելի ծաղկի և զարգանա, իսկ ավելի շատ ներկայացնել դրսում, որպեսզի դա նպաստի նաև տուրիզմի զարգացմանը: Որովհետև դրսում՝ թատրոններում, օպերաներում, թանգարաններում ծրագրի մեջ ընդգրկվեն հայկական բալետ, հայկական նկարիչների ցուցահանդեսների շարք, այդ ժամանակ մարդիկ ավելի լավ կծանոթանան Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանին, Հայաստանի մշակույթին, և մենք կկարողանանք ավելի շատ տուրիզմը զարգացնել ու «քայլ անել» առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG