Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում բավական ուշագրավ հայտարարություն արեց՝ ընդգծելով՝ այժմ ունեն դատարանի վարույթում գտնվող քրեական գործեր, որոնք կարելի է քննարկման առարկա դարձնել երկրում տեղի ունեցած իրադրության փոփոխության պատճառով:
Ըստ դատախազի, իրադրության փոփոխության արդյունքում անձը, կամ նրա կատարած հանցանքը հանրության համար սկսում է վտանգավոր չլինել, կամ նվազում է դրա վտանգավորությունը:
Նշենք, որ Արթուր Դավթյանն այս հայտարարությունն արեց ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հարցին, թե ինչո՞ւ գլխավոր դատախազը հրաժարական չի տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովուրդն իրեն չի վստահում: Մասնավորապես, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե երկրում կան քաղաքական բանտարկյալներ, մինչդեռ գլխավոր դատախազը հերքում է:
«Այո, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադրության փոփոխության արդյունքում, ընդ որում մենք օրենսդրական այդպիսի ձևակերպում ունենք՝ իրադրության փոփոխություն, դա ենթադրում է ի՞նչ, որ ստեղծված, կամ փոփոխված իրադրության արդյունքում անձը կամ նրա կատարած հանցանքը սկսում են հանրության համար վտանգավոր չլինել, կամ նվազել դրանց վտանգավորությունը։ Այո՛, իրադրության փոփոխության արդյունքում մենք ունենք քրեական գործեր, հատկապես դատարանի վարույթում քննվող, որոնցով մենք կարող ենք կանգ առնել համապատասխան իրադրության փոփոխման քննարկման, բայց, հիմա չեմ անհատականացնում, կարծում եմ այս դահլիճում մենք անհատական չենք այդ դեպքերը քննարկելու, բայց էս պայմաններում մենք պետք է ունենանք համապատասխան անձի այնպիսի վարքագիծ, որը կվկայի, որ իրադրության փոփոխությունը բերել է նրա վտանգավորության փոփոխության։ Մենք պատրաստ ենք քննարկել և տեսնել, թե ստեղծված իրադրության փոփոխման պայմաններում ինչպիսի՞ իրավակարգավորումների տիրույթում, ո՞ր խնդիրները նոր լուծումներ կարող են ստանալ։ Մենք բաց ենք այդ քննարկման։ Իհարկե մենք նաև առաջիկայում ինքներս կնախաձեռնենք որոշակի այդպիսի քննարկումներ», - ասաց գլխավոր դատախազը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պարզաբանում պահանջեց՝ նշելով, որ դատախազն ինքն իրեն ծուղակը գցեց․ - «Անկեղծ ասած, զարմացա, որովհետև Դուք Ձեզ ծուղակի մեջ գցեցիք, պարոն դատախազ, Դուք ասում եք՝ «իրադրություն է փոխվել», կբացատրե՞ք ինձ, որպես իրավաբանն իրավաբանի, թե ի՞նչ է փոխվել Գևորգ Սաֆարյանի գործողությունների մեջ նոր վարչապետի ընտրությունով»։
Դատախազը պարզաբանեց. - «Ոչ մի զարմանալու բան այդտեղ չեմ տեսնում, պարոն Սիմոնյան, եթե դրանք զարմանալու լինեին, օրենքում դրանք տեղ գտած չէին լինի։ Մենք ունեինք քրեական գործեր, որտեղ մարդիկ նախապատրաստվում էին իրականացնել զանգվածային անկարգություններ, պետությանը ներկայացնում էին պահանջներ՝ անձնավորելով կոնկրետ պաշտոնատար անձանց, այսօր մենք չունենք այդ պաշտոնատար անձանց։ Կամ նույն դատական նիստերի ընթացքում, կամ ցանկացած իրենց վարքագծում հայտարարություններ, կոչեր էին հնչեցնում՝ շարունակելու զենքով զինված գործողությունների իրականացումը։ Այսօր մենք ունե՞նք այդ հնարավորությունը։ Իրադրության փոփոխման առումով, ես կարծում եմ, որ մենք ունենք իրավիճակի փոփոխություն, բայց արդեն նշեցի, այստեղ շատ կարևոր է, որ դրա արդյունքում կոնկրետ անձի և նրա կատարած արարքի վտանգավորությունը հանրության համար նկատելիորեն նվազի, իսկ դրա համար պետք են այն քննարկումներն, ինչը ես առաջարկում եմ»։
«Գլխավոր դատախազն էլ ավելի է բարդացնում իր բարդ վիճակը»
Թեման շարունակեց «Ելք» դաշինքի մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ ասելով, թե գլխավոր դատախազն էլ ավելի է բարդացնում իր բարդ վիճակը։
«Հարցին ի պատասխան ասում եք՝ «փաստորեն, այն պաշտոնյաներն են մեղավոր, որոնք այսօր չկան, որոնց պատճառով անձինք քաղաքական հետապնդման են ենթարկվել ձեր կողմից», այսինքն՝ ասում եք՝ «էդ պաշտոնյաներն այսօր չկան, դրա համար էլ իրավիճակ է փոխվել և էդ մարդկանց կարող ենք բաց թողնել»։ Այսինքն՝ էս պաշտոնյաներն էին մեղավոր, որ էդ մարդկանց քրեական հետապնդման էիք ենթարկում, եթե նրանք չլինեն, չի լինի նաև քրեական հետապնդում», - հայտարարեց Մարուքյանը։
Մարուքյանի հայտարարությունը գլխավոր դատախազը «խոսքի նենգափոխում» որակեց։
«Այդ աստիճան իմ խոսքը նենգափոխել... ես ասացի՝ «այն պաշտոնյաներն էին մեղավոր, որ նրանք ենթարկվեցին քաղաքական հետապնդմա՞ն...»։ Ձեզ ես խնդրում եմ ընկերաբար, հետո հետ տվեք Ձեր հարցը և իմ տված պատասխանը, մի հատ համադրեք իրար հետ։ Իմ պարզաբանածը շատ պարզ էր և, այո՛, շատ անկեղծ էր։ Ես ասում եմ՝ մարդիկ իրականացնում են գործողություններ, կոչեր են հնչեցնում՝ մատնանշելով կոնկրետ պաշտոնատար անձի։ Սա չի նշանակում, որ էդ մարդիկ հետապնդման են ենթարկվել, սա նշանակում է, որ էդ մարդիկ կատարել են հանցագործություն։ Այսօր էլ էդ մարդիկ այդ նույն կոչերը հնչեցնեն, էդ նույն գործողությունները կատարեն, դա այսօր էլ քրեական օրենքով նախատեսված հանցագործություն է։ Ես ասում եմ՝ իրադրության փոփոխությունն անձանց վտանգավորության, որով պայմանավորված կարող է նրանց խափանման միջոցի մյուս հարցերը քննարկվեն, էս իրադրությունների պայմաններում նվազելու շանսեր ունի, կամ նվազելու հավանականություն ունի։ Բայց կոնկրետ անձի և կոնկրետ գործողության մասով, մենք անհատական քննարկում պետք է ունենանք, հանրությունը պետք է երաշխիք ունենա, որ այն անձը, ով դատական նիստերի դահլիճում դեռևս սպառնում է նիստի մասնակիցներին, կամ մյուսներին, երբ որ փոխվի էս անձի խափանման միջոցն իմ ասած իրադրության նաև փոփոխության արդյունքում, մենք դրսում չենք ունենա այդ նույն արարքի իրացումը»։
Հավելենք, որ այսօր Արթուր Դավթյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2017 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Ըստ գլխավոր դատախազի, 2017-ին, Հայաստանում արձանագրվել է 20 հազարից ավելի հանցագործության դեպք, այն մոտ 8 տոկոսով ավելին է, քանի 2016 թվականին։
Արթուր Դավթյանը բացատրեց՝ դա պայմանավորված է նաև հանցագործությունների բացահայտման և գրանցման աշխատանքների բարելավմամբ: