«Ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ կանխեմ այն գործողությունները, որը Հանրապետական կուսակցությունը փորձում է անել», - այսօր Ազգային ժողովում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ալեն Սիմոնյանը։
«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էր Սիմոնյանից, թե ինչո՞ւ է հրաժարվել պատգամավորական մանդատից, արդյո՞ք ցանկանում է շարունակել իր աշխատանքը որպես Երևանի ավագանու անդամ։
Հիշեցնենք՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
Սիմոնյանը, ով նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, ասում է, որ ինքը ցանկանում է պահպանել ավագանու մանդատը։
«Ազատություն». - Ինչո՞ւ վերցրեցիք մանդատը, երդվեցիք, ստանձնեցիք պատգամավորի լիազորությունները, բայց նույն օրը կրկին հրաժարվեցիք։
Սիմոնյան. - Ասեմ, որ մանդատ վերցնել-չվերցնել գաղափար գոյություն չունի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական համարին տրամադրում է ձեր ասած մանդատը՝ անկախ նրանից, եթե ես նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չլինեի այդ պահին, ինքը տրամադրելու էր մանդատը և յոթ օրվա ընթացքում հնարավորություն է տալիս ընտրել մանդատներից որևէ մեկը։
«Ազատություն». - Դուք կարող էիք հրաժարվել, չգալ, չերդվել այստեղ։
Սիմոնյան. - Յոթ օրվա ընթացքում հնարավորություն է տալիս, որպեսզի մարդը հրաժարվի և այն անհամատեղելիությունը, որ գոյություն ունի, շտկի։ Ես կարող էի չգալ այստեղ, բայց այն բանից հետո, երբ որ ես եկա ստեղ, ես արդեն ասացի լրագրողներին, որ տեղեկություններ ստացա և ինքս իմ մեջ մտածելով հասկացա, որ ես այդ իրավիճակը, որը որ կա քաղաքապետարանի շուրջ, պետք է պահեմ, որովհետև էդպես ճիշտ է, ժամանակի առումով ես պետք է այդ ժամանակը դեռ ձգեմ, որպեսզի չմտածեն, որ այնտեղ իրենք [ՀՀԿ-ն] ինչ ուզում են, կարող են անել։
«Ազատություն». - Հիմա եթե Դուք Ձեր պատգամավորի լիազորություններից հրաժարվեք, նորից դա ստանձնեք, դա կանխելո՞ւ եք։
Սիմոնյան. - Ես աշխատում եմ հնարավորություն ունենալ, որ պետք եղած պահին մտնեմ քաղաքապետարան և իմ ազդեցությունը թողնեմ։
«Ազատություն». - Դուք չե՞ք կորցրել Ձեր մանդատը Երևանի ավագանիում։
Սիմոնյան. - Ո՛չ, ես դեռ չեմ կորցրել իրավական առումով։
«Ազատություն». - Հիմա Դուք միանշանակ որոշե՞լ եք, պատգամավոր չե՞ք ուզում լինել, շարունակո՞ւմ եք Ձեր աշխատանքը որպես Երևանի ավագանու անդամ։
Սիմոնյան. - Ասեմ, որ միանշանակ որոշել եմ, որ ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ կանխեմ այն գործողությունները, որը Հանրապետական կուսակցությունը փորձում է անել, եթե պետք կլինի մնալ ավագանիում, մինչև վերջ կմնամ, եթե հասկանամ, որ ստեղ կարող եմ ավելի շատ դա վերահսկեմ, կմնամ այստեղ։
«Ազատություն». - Դուք դեռևս հստակ չե՞ք որոշել` վա՞յր եք դնում մանդատը, թե՞՝ ոչ։ Հիմա Դուք կամ պատգամավոր եք, կամ Երևանի ավագանու անդամ, պարոն Սիմոնյան, կողմնորոշվեք, թե որ պարտավորությունն եք ստանձնում։
Սիմոնյան. - Կա տեղեկություն, որ քաղաքապետարանը պատրաստվում է անկախ նրանից, թե ես մանդատս վայր կդնեի, թե չէի դնի, դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և զրկի ինձ ավագանու անդամի մանդատից, ես ընդդիմացել եմ այդ որոշմանը և ես արել եմ սա, որպեսզի հնարավորություն չտամ, որ իրենք այդ քայլն անեն։ Դա պատճառներից մեկն է նաև եղել։ Քաղաքական իրողությունն ինձ կթելադրի, թե հետագա քայլը որը կլինի, ինչպես նաև իմ գործընկերների հորդորը և քննարկումը։
«Ազատություն». - Քաղաքական իրողությունը նաև Տարոն Մարգարյանի՞ հրաժարականն է։
Սիմոնյան. - Տարոն Մարգարյանն անցյալ շաբաթ պետք է հրաժարական տար։
«Ազատություն». - Մամուլը և սոցիալական ցանցերը ողողված են մի տեղեկատվությամբ, որ Դուք ունեք որոշակի տեղեկություններ, որ գուցե Տարոն Մարգարյանի վրա ճնշումներ լինեն, նա հրաժարական տա և այս դեպքում Դուք փորձեք ստանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Այսպիսի սցենարի շրջանակներո՞ւմ է այս յոթ օրում Ձեր որոշումը կայացվելու, երբ որ ասում եք իրադրությունից ելնելով քննարկում եք անելու։
Սիմոնյան. - Մամուլին և սոցցանցերում և մեր համաքաղաքացիներին վստահեցնում եմ՝ իմ անցած ճանապարհով ես երբևիցե առիթ չեմ տվել, որ իրենք մտածեն, որ ես տեսախցիկների առջև սուտ եմ խոսում, կամ որևիցե բան թաքցնում եմ, նման օրինակ չի եղել, և հիմա բացահայտ ես Ձեզ ասում եմ՝ որևիցե քննարկում, որևիցե տեղեկություն, որ այ սենց բան է լինելու, դրա համար ես սա անելու եմ, չի եղել ու չկա։ Ես դա արել եմ ինքնուրույն, դա եղել է իմ որոշումը, ես դա չեմ քննարկել որևիցե մեկի հետ, ես օգտվել եմ այն իրավական հնարավորությունից, որն օրենքն ինձ տալիս է, որպեսզի հնարավորինս ազդեցություն ունենամ քաղաքապետարանում և քաղաքապետի կողմից իրականացվող գործողություններին։