Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններում «բացարձակ մեծամասնություն» վերցնելու մտադրություն ունի


«Երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ, որի իրավական հանգուցալուծումը մեկն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստանալ ընտրողների բացարձակ մեծամասնության վստահությունը: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, թե բոլոր հնարավորություններն առկա են այս աշնանն ընտրություններ անցկացնելու համար:

Զոհրաբյանի խոսքով՝ երկրում ստեղծվել է ոչ-ստանդարտ քաղաքական իրավիճակ, որի իրավական հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ըստ պատգամավորի, «Բարգավաճ Հայաստանը» հենց վաղն էլ պատրաստ է գնալ ընտրությունների, բայց իրենք նաև հասկանում են, որ մինչև ընտրությունները պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ վերացվի տարածքային ցուցակներով կամ այսպես կոչված ռեյտինագային կարգով ընտրությունների անցկացումը: Նաև պետք է միասնական մատնահետքի շտեմարան ստեղծվի, որը կբացառի կրկնաքվեարկությունը:

Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այժմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկում են Ընտրական օրենսգրքի բարելավման մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան բացառել ընտրակեղծարարության բոլոր հնարավորությունները:

«Ազատություն». - Հնարավոր համարո՞ւմ եք, որ ավարտեք այս տարի, և ընտրություններն էլ այս տարի տեղի ունենան։

Զոհրաբյան. - Միանշանակ, եթե իսկապես լինի ցանկություն, քաղաքական կոնսենսուս, քաղաքական ուժերի հետ, ես կարծում եմ, որ մենք կարող ենք հուլիսին, մինչև խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը ավարտել Ընտրական օրենսգիրքը։ Այո՛, ես իրատեսական եմ համարում աշնանը արտահերթ ընտրություն անցկացնելը։

«Ազատություն». - Դուք գնալո՞ւ եք մեծամասնություն վերցնելու ճանապարհով։

Զոհրաբյան. - Միանշանակ այո, որովհետև հաշվի առնելով իր հանրային վստահությունը, հաշվի առնելով մեր կուսակցության առաջնորդի հանրային մեծ վստահությունը, հաշվի առնելով մեր այս տարիների քաղաքական կշիռը, վարկանիշը, մենք, այո, հավակնում ենք․․․

«Ազատություն». - Գագիկ Ծառուկյանի ռեյտինգն ավելի՞ բարձր է, քան՝ Նիկոլ Փաշինյանինը։

Զոհրաբյան. - Գիտեք ինչ, Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է, և եթե որևէ մեկն այդ վարկանիշը կարող է կասկածի տակ դնել, ես մեծապես կզարմանամ դրա վրա։

​«Ազատություն». - Ձեր հաղթանակն ապահովված կլինի՞ աշնանը կայանալիք արտահերթ ընտրություններում։

Զոհրաբյան. - Կլինեն ընտրությունները՝ կտեսնենք արդյունքները: Ես ասում եմ՝ մենք ունենք այնքան հանրային վստահության ռեսուրս, որ այո՛, հավակնում ենք ստանալ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնության վստահությունը:

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանը հակադարձում է՝ իրենց կուսակցության հնարավորություններն ավելի բարձր են գնահատում, և հետևաբար առաջիկա արտահերթ ընտրություններում մեծամասնության ձայները ստանալու մտադրություն ունեն:

«Ազատություն»․ - Այս տարի՞ եք ավելի հավանական համարում, թե՞մյուս տարի:

Միքայելյան․ - Իմ կարծիքն ես եթե ուզում իմանաս՝ այս տարի: Նախ պետք չի ձգձգել․ ոչ թե նրա համար, որ էսօր ժողովուրդը մեր կողմն ա․․․ Ինչքան շուտ, էնքան լավ, էս երկիրը նորմալ կարգավիճակում կհայտնվի:

«Ազատություն»․ - Մտավախություն ունե՞ք, որ եթե հետաձգեք, կարող է այդքան հեղինակություն չունենաք:

Միքայելյան․ - Մենք չենք ձգտում չգիտեմ ինչի: Մենք կարողացանք մեր գործն անել, ժողովրդին փրկել։ Էս իշխանությունից փրկել ենք: Ամենամեծ գործը արվել ա:

«Ազատություն»․ - Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրենք գնում են ընտրությունների՝ բացարձակ մեծամասնություն վերցնելու:

Միքայելյան․ - Մենք էլ ենք ձգտում բացարձակ մեծամասնության:

«Ազատություն»․ ​- Ավելի շատ Գագիկ Ծառուկյա՞նն ունի ռեյտինգ այսօր, թե՞ Նիկոլ Փաշինյանը:

Միքայելյան․ - Դա դուք պիտի ասեք:

«Ազատություն»․ - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ծառուկյանը վերցնի իշխանությունը, և դուք դուրս մնաք իշխանությունից այս ամբողջ համաժողովրդական պայքարից հետո:

Միքայելյան․ - Մենք գնում ենք, որպեսզի մեծամասնություն դառնանք:

Մինչև իշխանության մաս կազմող «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, բոլորովին վերջերս ընդդիմության շարքերը համալրած Հանրապետականում վստահեցնում են, թե նման հարց իրենք չեն քննարկել, իսկ արտահերթ ընտրությունենրի համար էլ անհրաժետ են քաղաքական և իրավական հիմքեր:

Էդուարդ Շարմազանով․ - Եթե նայենք իրավիճակի փոփոխությունից ելնելով, ամեն երեք կամ հինգ ամիսը մեկ Հայաստանում կարող է քաղաքական իրավիճակ փոխվել: Հիմա ի՞նչ ենք առաջարկում, պետք է ամեն հինգ ամիսը մեկ իրականացնենք արտահերթ ընտրություննե՞ր․․․ Իրավական և քաղաքական հիմքերը կտեսնենք, կքննարկենք: Հիմա ես չեմ ուզում որևէ բանավեճի մեջ մտնել:

«Ազատություն». - Ձեզ մոտ Ընտրական օրենսգրքի քննարկումներ չե՞ն սկսվել:

Շարմազանով․ - Դեռևս ոչ:

«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք, որ առաջիկա վեց ամսվա կամ մեկ տարվա ընթացքում հնարավոր է լինեն ընտրություններ:

Շարմազանով․ - Ես ո՛չ բացառում եմ արտահերթ ընտրությունները, ո՛չ էլ բացառում եմ, որ կարող են արտահերթ ընտրություններ չլինել: Որևէ զարգացում չեմ բացառում: Ամեն ինչ պետք է լինի իրավական ու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ոչ թե առանձին քաղաքական ուժերի, այլ մեր պետության և մեր ազգի:

«Ազատություն». - Բայց Դուք ընդունում եք, չէ՞, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, օրինակ, աշնանը, ապա Հանրապետականը գուցեև չհայտնվի խորհրդարանում: Ունե՞ք նման մտավախություն:

Շարմազանով․ - Ես «եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG