Երևանի Կարապետ Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալներից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակում մասամբ փակել էին Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից», նախաքննությունն իրականացվում է ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Երևանի բնակիչ 30-ամյա Ա. Իսոյանն է։ Վերջինս ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։