Մատչելիության հղումներ

«Հրապարակային տրվեց այդ ազդակը, որ՝ գնացեք բացահայտման ճանապարհով, այլ ոչ թե կոծկելու». տուժող լրագրող


Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում Հանրային ռադիոյի լրագրող Վրույր Թադևոսյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը պարզվել է։ Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ կոմիտեն վարույթ է ընդունել Ավանում 2018 թվականի ապրիլի 20-22-ին տեղի ունեցած միջադեպերի՝ քաղաքացիների ավտոմեքենաները վնասելու, «Հանրային Ռադիո» ընկերության և «Սիվիլնեթ»-ի լրագրողների գործունեությանը խոչընդոտելու, քաղաքացիական հագուստով, որոշ դեպքերում նաև դիմակավորված անձանց կողմից անկարգություններ կատարելու դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված 6 քրեական գործ:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ 6 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և քննություն է տարվում՝ պարզելու բռնություն կատարած անձանց ինքնությունը.

Լրագրող Վրույր Թադևոսյանի նկատմամբ բռնության դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով:

Լրագրողը «Ազատությանը» պատմեց, որ իր վրա հարձակվել են մի քանի տասնյակ անձինք, որոնք կրել են բժշկական դիմակներ, և Քննչական կոմիտեն ոչ թե մեկ անձի պետք է բացահայտեր, այլ բոլորին․ - «Մահակներով հարվածում են, մեքենաս են ջարդում, մահակներով հարվածում են գլխիս, նաև սպառնում, որ կսպանեն։ Հիմա, երբ նայում ենք տեսանյութը, մոտ 50 հոգի հաշվվում են, որ միայն ինձ վրա են հարձակվում։ Սկզբից փոքր խմբով են մոտենում, մոտ 15 հոգով, հետո արդեն մեծանում է խումբը։ Մեկը խփում է դիմապակուն մեքենայիս, մյուսը հարվածում է մեքենայի տանիքին, մյուսը հետևի կողմից է արդեն մեքենայի ապակին ջարդում»:

Ապրիլի 28-ին sut.am կայքում տեղեկություն հրապարակվեց, թե համաժողովրդական շարժման ժամանակ՝ ապրիլի 20-22-ին, Ավան վարչական շրջանում ցուցարարների ավտոմեքենաները մահակներով և այլ առարկաներով ջարդուփշուր անող, լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտող, բռնություն կիրառող անձինք կապված են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ով հենց այդ վարչական շրջանում է ապրում:

Հոդվածի հեղինակ Տիրայր Մուրադյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ աղմկահարույց դեպքերը օր առաջ պետք է բացահայտել, հատկապես` երբ մամուլում այդ անձանց դեմքերը, անունները հրապարակված են. - «Մարդկանց բացահայտելու հնարավորությունը քննչական կոմիտեն, ոստիկանությունն ավելի շատ ունեն, իրենց լիազորություններն անհամեմատ ավելի մեծ են։ Ես լրագրող եմ, լրագրողական գործունեության շրջանակում կարողացել եմ էսքանը պարզել, տալ իրավապհներին։ Հիմա իրավապահները պետք ա սրանից մի քանի քայլ ավելը փորձեն պարզել։ Գնան պարզեն՝ որտեղ են հավաքվել, ով է իրենց հանձնարարություն տվել, ով ա էդ զանգվածային անկարգության կազմակերպիչը, գլխավոր պատասխանատու անձինք ինչ կապ ունեն Տարոն Մարգարյանի հետ էդ անձինք, էդ անձինք որտեղ են աշխատում։ Իմ հրապարակումների մեջ նշված է, որ էդ անձանց մեծ մասը աշխատում ա Ավան վարչական շրջանի աշխատակազմում, էդ անձանց մի մասն աշխատում են համատիրություններում, որոնք այսպես թե այնպես առնչվում են քաղաքային իշխանության հետ: Հիմա Քննչական կոմիտեն պարտավոր է պարզի, թե էս ամեն ինչի հետ ինչ կապ ունի Տարոն Մարգարյանը, արդյո՞ք իրա կողմից անձամբ ցուցում էղել ա զանգվածային անկարգություն կազմակերպելու, թե՞ ոչ»:

Տուժող լրագրող Վրույր Թադևոսյանը նկատում է, որ սայլը տեղից չէր շարժվի, եթե Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետը հատուկ հանձնարարական չտար ոստիկանապետ Վալերի Օսիպյանին արագ բացահայտել բողոքի ցույցերի օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողներին․ - «Վստահ եմ, որ շատ մեղավորներ կպատժվեն: Նաև վստահ եմ, որ շատերը կկարողանան սպրդել արանքից։ Շատ պարագաներում կպատժվեն ավելի ցածր օղակի մարդիկ, ովքեր միևնույն է գնացել են հրաման կատարելու այնտեղ: Հրապարակային նաև տրվեց այդ ազդակը, որ՝ գնացեք բացահայտման ճանապարհով, այլ ոչ թե կոծկելու, ինչպես սովոր ենք բոլորս տեսնել մեր երկրում»:

2018 թվականի ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված բռնության դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է 12 քրեական գործ, որոնցով 9 անձ ներգավվել է որպես մեղադրյալ, ևս 5 անձ ունի կասկածյալի կարգավիճակ։ Կալանավորված կամ ձերբակալված անձ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG