Բավականին կտրուկ արտահայտվելով՝ նա հայտարարեց ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին․ - «Արձանագրվել են մտահոգիչ տեղեկություններ ու դեպքեր ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ»:
Թաթոյանը հայտարարեց, որ իրենք արձանագրել են հանրային ծառայողների, այդ թվում նաև դպրոցների աշխատակիցներին ճնշելու դեպքեր, որոշ դեպքերում էլ ընտրողներին վախեցրել են՝ կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու նպատակով․ - «Առկա են եղել աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, հարկադրանքի միջոցով աշխատակիցների ընտրական իրավունքի իրացման վրա ներգործելու մասին հրապարակումներ: Համապատասխան ահազանգեր են ստացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին: Այս մասին եղել են նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիական հասարակության և ընտրական գործընթացի մասնակից ընդդիմադիր գործիչների կողմից»:
Կենտրոնանալով խորհրդարանական ընտրությունների վրա՝ Թաթոյանը հայտարարեց, որ չնայած օրենքի արգելքին՝ դեպքեր են արձանագրվել, երբ նախընտրական շրջանում դպրոցների աշխատակիցները ցուցակագրել են աշակերտների ծնողներին, դպրոցներում քարոզչություն են իրականացրել։
Մարդու իրավունքների պաշտպանը պատգամավորներին հիշեցրեց դպրոցների տնօրենների հեռախոսային ձայնագրությունների սկանդալային պատմությունը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, հիշեցնենք, հետաքննություն էր կատարել, որից պարզ էր դարձել, որ 100-ից ավելի դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ընտրություններից առաջ հանրապետական կուսակցության օգտին ընտրողների էին ցուցակագրել։
«Երևույթը մեր համար անընդունելի էր հատկապես այն առումով, որ վերաբերվում էր հանրակրթական հաստատություններին ու դրանց տնօրեններին: Կասկածից վեր է, որ ընտրական ցանկացած գործընթացի հետ կապված պետք է սկզբունքորեն ամրագրել, որ ցանկացած իրավախախտման վերաբերյալ տեղեկություն պետք է ստանա անհապաղ արձագանք: Պետք է նախաձեռնվի պատշաճ քննություն՝ արագացման սկզբունքով, այնպես, որ իրավախախտում կատարած ցանկացած անձ օրենքին խիստ համապատասխան ենթարկվի պատասխանատվության՝ անկախ կատարողի կարգավիճակից, իրավախախտումը կատարելու վայրից և այլն», - նշեց օմբուդսմենը:
Իրազեկ քաղաքացիների միավորման բացահայտումը քրեական գործի հիմք չդարձավ։ Դատախազությունը հայտարարեց, որ քրգործի հիմքեր չկան։
Թաթոյանը այսօր հայտարարեց, որ միայն օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու փաստը կունենա կանխարգելիչ նշանակություն և կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության ամրապնդմանը։
Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ նաև լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և բռնության դեպքերին։ Հայտարարեց, որ լրագրողների մոտ արդարացի ընկալում կա՝ նման դեպքերում պատասխանատվության մեխանիզմը լիարժեքորեն չի գործում, ինչը էլ ստեղծում է անպատժելիության տպավորություն․ - «Համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պետության կողմից պաշտպանված է իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից»:
Օմբուդսմենը իր տարեկան հաղորդումը ներկայացրեց կիսադատարկ դահլիճում։ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նախորդ և այս զեկույցի միջև շեշտադրումների տարբերությանը անդրադարձավ և ասաց, որ այս զեկույցից հասկանում է, որ սուր խնդիրներ կան երկրում, մինչդեռ ինչպե՞ս է ստացվում, որ Հանրային հեռուստաընկերության ներկայացրած Հայաստանը լրիվ այլ է եղել։ Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ խնդիրների մասին իհարկե բոլորը գիտեին, բայց երբ կլիներ հանգուցալուծումը, ոչ ոք չէր կարող ասել։
Նրա պնդմամբ, համակարգային փոփոխություններ են պետք, քանի որ իրավունքի և պատասխանատվության իրավական մեխանիզմը նախկինում չի գործել․ - «Եղել է քաղաքական միապետություն, քաղաքական միապետը տվել է արտոնություններ տարբեր մարդկանց, առաջացել է տնտեսական մոնոպոլիա, իրավական համակարգը և պետական մյուս կառույցները սպասարկել են այդ համակարգը»:
«Ելք» դաշինքից պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց վերջին ցույցերի ժամանակ օմբուդսմենի գործունեության համար, Թաթոյանն էլ հայտարարեց, որ այդ օրերին մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատել։
Միքայել Մելքումյանին էլ արձագանքելով ասաց, որ խնդիրներից իրենք մշտապես խոսել են, իրենց համար քաղաքական փոփոխությունները նշանակություն չեն ունեցել, և շարունակելու են նույն սկզբունքով աշխատել: