Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի երեք պատգամավորներից երկուսը՝ Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը կառաջադրվեն նաև հունիսի 24-ին երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը այս անգամ ընտրություններին կմասնակցի առաջադրվելով ոչ թե Ստամբուլում, այլ Դիարբեքիրում:
Այս առիթով Փայլանը իր ֆեյսբուքյան էջում եռալեզու՝ հայերեն, քրդերեն ու թուրքերեն գրառում է արել: «Բարև, Տիգրանակերտ: Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ», - գրել է Փայլանը՝ հաջողություն մաղթելով առաջիկա ընտրություններում:
Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ, «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը այս անգամ ևս ընդգրկվել է իշխող կուսակցության թեկնածուների ցուցակում: Նա առաջադրվել է Ստամբուլի երկրորդ շրջանում՝ 11-րդ համարի ներքո:
Ի տարբերություն Գարո Փայլանի և Մարգար Եսայանի, Մեջլիսի երրորդ հայազգի պատգամավոր՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Սելինա Դողանը չի ներառվել առաջիկա ընտրություններում առաջադրված թեկնածուների ցանկում: Նախորդ ընտրություններին Դողանը մասնակցել էր Ստամբուլի երկրորդ շրջանից և ցուցակի առաջին համարն էր:
Ուշագրավ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցող՝ Մերալ Աքշեների ղեկավարած ազգայնական «Լավ» կուսակցության ընտրացուցակում ևս հայազգի թեկնածու կա․ ըստ թուրքական լրատվամիջոցների, կուսակցության հիմնադիր անդամներից Էլմաս Գիրագոսը առաջադրվել է Ստամբուլի երրորդ շրջանից՝ 8-րդ համարով:
Գիրագոսը ծնվել է Ամասիայում, մեծացել Ստամբուլի Բաքրքյոյ հայաշատ շրջանում: Եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, 2014-ին կուսակցության անունից մասնակցել է տեղական մարմինների ընտրություններին՝ որպես Բաքրքյոյի ավագանու անդամի թեկնածու: Հետագայում հեռացել է «Ազգայնական շարժում»-ից՝ անցնելով «Լավ» կուսակցության շարքերը: